ՔՊ պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները լքեցին արցախցիների խնդիրների վերաբերյալ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի քննարկումը, երբ դրա ընթացքում հիշատակվեցին Լեռնային Ղարաբաղի պետական մարմինները, օրինակ, խորհրդարանական խմբակցությունները:
Քննարկման մեկնարկին Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ նիստին ներկա են Արցախի խմբակցությունները՝ ներկայացնելով նաև դրանց ղեկավարների անունները։
Բայց ՔՊ-ի պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները լքեցին նիստերի դահլիճը քննարկման մեկնարկից մոտ կես ժամ անց: Որպես հեռանալու պատճառ նրանք նշեցին քննարկման ընթացքում հնչած ձևակերպումները՝ մասնավորապես «Արցախի խորհրդարանի ներկայացուցիչներ», «Արցախի խմբակցությունները ներկայացնող պատգամավորներ» և նման այլ արտահայտություններ։
Your browser doesn’t support HTML5
Ինչպես են ՔՊ պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները լքում արցախցիների վերաբերյալ քննարկումը
Աշխատանքի և բարեկեցության հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական Մարիամ Պողոսյանը հայտարարեց, որ իրենք բազմիցս ասել են, որ Հայաստանում երկրորդ պետություն չեն հանդուրժի, հետևաբար հայտարարությունը, թե՝ «ներկա են Արցախի պաշտոնյաները», իրենց համար անընդունելի է:
Քննարկմանը ներկա միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը արձագանքեց, թե այս միջադեպն իրեն հիշեցրեց միջազգային կառույցներում ադրբեջանցիների վարքը։
«16 տարի է Ադրբեջանի դեմ վարույթներում եմ, հենց առաջին գործերից Ադրբեջանը պահանջում էր Եվրոպական դատարանից չօգտագործել Արցախի հայկական անվանումները, պետական, հանրային մարմինների փաստաթղթերը։ Հենց առաջին օրվանից Եվրոպական դատարանը մերժել է, որովհետև գործում էր հանրային իրավունքը, Եվրոպական դատարանը նույնիսկ Արցախի դատարանների որոշումներն է ճանաչել լեգիտիմ ակտեր և դրանց հիման վրա որոշումներ կայացրել։ Գուցե զուգահեռս տեղին չէր, բայց կարծում եմ՝ կան աղերսներ», - ասաց Ղազարյանը: