Գերմանիայում ամերիկյան ռազմաբազայի մոտ ռազմական ինքնաթիռ է կործանվել

Գերմանիայի արևմուտքում՝ Սպանգդալեմի ամերիկյան ռազմաբազայի մոտ, ռազմական ինքնաթիռ է կործանվել, մեկ մարդ վիրավորվել է։

Առայժմ պարզ չէ՝ կործանված ինքնաթիռը պատկանել է ԱՄՆ, թե Գերմանիայի զինված ուժերին։ Տեղական իշխանությունները միջադեպի վերաբերյալ լրացուցիչ հարցերն ուղղել են ամերիկյան ռազմաբազային, որը դեռ չի մեկնաբանել կատարվածը։

Գերմանական dpa գործակալության տվյալներով՝ Սպանգդալեմի ռազմաբազայում տեղակայված է շուրջ 20 F-16 կործանիչից բաղկացած էսկադրիլիա։

Էսկադրիլիան մասնակցում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի և ՆԱՏՕ-ի առաքելություններին աշխարհի տարբեր հատվածներում և ռազմաբազայի հիմնական ստորաբաժանումն է։

Սպանգդալեմի ռազմաբազայում աշխատում է մոտ 5 հազար զինվորական և քաղաքացիական ծառայող, ինչպես նաև 700-800 գերմանացի աշխատակից։