«Տա Աստված՝ վերջնականապես պետական սահմաններ ունենանք». Սասուն Միքայելյան

ԵԿՄ նախագահ Սասուն Միքեյելյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում, 21-ը սեպտեմբերի, 2026թ.

Երկրապահ կամավորական միության նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի կարծիքով՝ Հայաստանն այսօր, ըստ էության, չունի միջազգայնորեն ճանաչված պետական սահման։

«Տա Աստված, մենք վերջնականապես ունենանք պետական սահմաններ և լիովին անկախ լինենք»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում, շնորհավորելով Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձը, այսօր հայտարարեց Սասուն Միքայելյանը։

Նրա խոսքով՝ սահմանազատման գործընթացի արդյունքում դեռ պետք է հաստատվի Հայաստանի 29 743 քառակուսի կիլոմետր տարածքն իր սահմաններով։

«Կա՞ պետություն, որ առանց պետական սահմանների անկախ էր, միջազգայնորեն ճանաչված, մենք ասում ենք՝ անկախ ենք, կա՞ օրինական սահման, միջազգայնորեն ճանաչված»,- հավելեց Միքայելյանը:

Գործադիր իշխանությունը, մինչդեռ, վարչապետի գլխավորությամբ մշտապես ընդգծել է, որ Ադրբեջանի հետ սահմանազատման ընթացքում նոր սահմաններ չեն գծվում, այլ միայն վերարտադրվում են ԽՍՀՄ տարիներից գոյություն ունեցող իրավական սահմանները։

Այսօր Եռաբլուր այցելած ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախ խմբագրեց գործընկերոջ խոսքը՝ շեշտելով, որ «ունենք պետական սահման», ապա հավելեց. - «Բայց սահմանազատման պրոցեսը անխուսափելիորեն պետք է հաստատագրի էդ սահմանի իրական լինելը։ Վրաստանի հետ մեր սահմանը, գիտեք, մինչև հիմա էդ պրոցեսը գնում է՝ տասնյակ տարիներ։ Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի, և հետո շտկումները կգնան՝ քարտեզ, սյուն, գիծ և այլն։ Եվ այնպես որ, պետական սահմանի չգոյությունը կարող է պատերազմի հիմք դառնալ: Եվ ես կարծում եմ՝ ինչքան շուտ մենք հարևան երկրների հետ էդ սահմանի կայացման իրավական պրոցեսը ավարտենք, էնքան ավելի հանգիստ, միջազգային իրավունքի պարտադրանքի մեջ կհայտնվեն բոլոր հարևան երկրները մեր հետ միասին»:

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումն շարունակել հյուսիսից հարավ՝ սկսելով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից: Բայց Տավուշ-Ղազախ հատվածում 12 կմ գծելուց հետո արդեն 2 տարուց ավելի է նոր տարածքներ չեն սահմանազատվել: