Թրամփը և Զելենսկին խոսել են հեռախոսով, համաձայնել են հանդիպել Նյու Յորքում

Ուկրաինայի նախագահը (ձախից) հանդիպում է ԱՄՆ նախագահի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, 8-ը հուլիսի, 2026 թ., Անկարա, Թուրքիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում շնորհակալություն է հայտնել նրան Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրենքը ստորագրելու համար, տեղեկացնում է «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» նախագիծը:

Զրույցի ընթացքում երկու առաջնորդները համաձայնել են հանդիպել Նյու Յորքում, իսկ թե կոնկրետ երբ, չի նշվում: Մինչ այդ Զելենսկին ասել էր, որ հույս ունի հանդիպել Թրամփի հետ սեպտեմբերի վերջին օրերին։ ԱՄՆ նախագահը սեպտեմբերի 22-ին ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում (Նյու Յորք), նույն օրը նախատեսված են մի քանի երկկողմ հանդիպումներ։

Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին իր հատուկ դեսպանորդներ Սթիվ Ութքոֆի և Ջարեդ Քուշների Կիև այցելության համար, որի ժամանակ վերջիններս առաջ քաշեցին Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ ձևաչափով բանակցությունները վերսկսելու գաղափարը, ինչին Կիևը համաձայնել էր, Մոսկվան էլ չէր բացառել:

«Մենք ունենք գաղափարներ լարվածության թուլացման քայլերի և անվտանգության հիմնարար հարցերի՝ էներգետիկայի, սննդի և մարդկանց կյանքի պաշտպանության համար։ Մենք համագործակցում ենք ամերիկյան թիմի հետ և պատրաստ ենք ձեռնարկել իսկապես լուրջ քայլեր», - գրել է Զելենսկին։

«Դժոխային պատժամիջոցների» մասին օրինագիծը ԱՄՆ նախագահին լայն լիազորություններ է տալիս Ռուսաստանի ղեկավարության, խոշոր գործարարների, վառելիքաէներգետիկ ընկերությունների, բանկերի, այսպես կոչված ստվերային նավատորմի դեմ պատժամիջոցներ սահմանելու և մաքսատուրքերը խստացնելու համար։

Մասնավորապես, նախագահն իրավասու է մինչև 100% մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի խոշորագույն նավթ ներմուծողների, այդ թվում՝ Հնդկաստանի և Չինաստանի ապրանքների վրա: Այնուամենայնիվ, նախագահը կարող է չկիրառել այս լիազորությունը, և եթե պատժամիջոցները պարտադիր են օրենքով, նա կարող է բացառություններ հայտարարել:

Այս օրինագիծը չորեքշաբթի էր հաստատվել Ներկայացուցիչների պալատի կողմից և ուղարկվել նախագահի ստորագրմանը: Քվեարկությունից ժամեր անց Կրեմլի խոսնակը զգուշացրել էր՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կդժվարացնեն Ուկրաինայում խաղաղության հասնելու գործընթացը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկին կոչ է արել Ռուսաստանի հետ եռակողմ բանակցություններ սկսելԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայում ձմռանն ընդառաջ լարվածության թուլացման միջոցները. ԶելենսկիԱՄՆ-ն և Ուկրաինան բանակցում են Patriot-ների արտադրության արտոնագրի շուրջ. Ռուբիո