ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա առթիվ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ՝ ընդգծելով հայ-ամերիկյան հարաբերություններում վերջին մեկ տարվա առաջընթացը։

«Միացյալ Նահանգների անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ», - ասված է Ռուբիոյի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած ուղերձում։

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասին նշում է անկախության վերականգնման 35-ամյակը և արձանագրում երկրի առաջընթացը «ավելի խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական ապագայի ճանապարհին»։

«Վերջին մեկ տարվա ընթացքում մեր համատեղ պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել, երբ մենք աշխատում ենք խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականի ուղղությամբ», - հայտարարել է Ռուբիոն։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ակնկալում է առաջ մղել «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ TRIPP-ը, ամրապնդել տնտեսական կապերը, խրախուսել ամերիկյան ներդրումներն ու նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար։

«Առաջիկա տարիներին ակնկալում ենք խորացնել մեր երկու երկրների գործընկերությունը։ Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին այս կարևոր ազգային տոնի առթիվ», - եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը։