Դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը. Փաշինյան

«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը իշխող գաղափարախոսություն է, և պետական ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ այդմ, հայտարարում է Հայաստանի վարչապետը:

Երևանում ընթացող «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» համաժողովին մասնակցող Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ իր հռչակած «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող մտքերը սպառնալիք են Հայաստանի համար:

«Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, կառավարությունը դրա դեմ պետք է գործողություններ անի, որովհետև դա սպառնալիք է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար: Մեր հետևությունն այն է, որ այս ամենով հանդերձ, եթե մենք խոսում ենք համապարփակ անվտանգություն և դիմակայունություն մասին, պետք է արձանագրենք մի բան, որ միայն խաղաղությունն է, որ կարող է երաշխավորել խաղաղություն», - ընդգծեց Փաշինյանը:

14 կետից բաղկացած «Իրական Հայաստանի գաղափախոսությունը» Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր անցած տարի: Դրանում նշում է, որ հայրենիքը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունն է. «Իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է՝ միջազգային ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով»:


Արտաքին անվտանգության ապահովման կարևորագույն կոմպոնենտը միջազգային լեգիտիմությունն է. Փաշինյան

Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝ Փաշինյանը ասաց. «Միջազգային լեգիտիմություն ասելով նկատի ունենք, որ ՀՀ արտաքին քաղաքական դիրքորոշումները և անվտանգային ոլորտի դիրքորոշումները պետք է հինված լինեն միջազգայնորեն ճանաչված լեգիտիմ շրջանակի վրա: Սա է պատճառը, որ մենք խոսում ենք 29 հազար 743 քառակուսի կիլոմետր ՀՀ ինքնիշխան տարածքի մասին»:

Կառավարության ղեկավարը նաև հայտարարեց՝ «պետք է կառուցենք մեր հարևանների հետ այնպիսի հարաբերություններ, որ միմյանց կայունությունն ու տնտեսական բարեկեցությունը ձեռնտու լինի իրար»:

Վարչապետի խոսքով՝ մինչև 2022 թվականը Հայաստանի անվտանգության բանաձևն իր էության մեջ «պրիմիտիվ» էր, «որովհետև կազմված էր մի նախադասությունից՝ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կապահովի մեր անվտանգությունը»:

«Եթե վերլուծենք 1994 թվականից մինչև 2022 թվականի մամուլը, կտեսնենք հազարավոր փորձագիտական գնահատականներ, որ ՀԱՊԿ-ը անհրաժեշտ պահին չի ապահովելու Հայաստանի անվտանգությունը, հարցն այն է՝ ինչո՞ւ այդ բոլոր փորձագիտական ու նաև քաղաքական պնդումները չեն բերել գործողությունների կամ հետությունների», - հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ 2022-ի օգոստոսի դրությամբ Հայաստանին զենք վաճառող պետությունների թիվը 0 էր։ «100 միլիոնավոր դոլարներով փոխանցած գումարներ ունեինք, մեզ մեր վճարած զենքը չէին տալիս։ Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար», - նշեց նա։

Փաշինյանն ընդգծեց. «Ասում էին, որ դուք ՀԱՊԿ անդամ եք, և զենք վաճառելով մենք նաև ալգորիթներ ենք վաճառում: Մենք տեսնում ենք, որ դուք այդ ալգորիթմները կարող եք այլ տեղ կիրառել»:

2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երևանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, իսկ հայկական կողմը դադարեց մուծել նաև անդամավճարը։

Խոսելով էներգետիկ անվտանգության մասին Փաշինյանն ասաց՝ Հայաստանն այսօր կարող է դառնալ 100 տոկոսով ինքնաբավ երկիր էներգետիկ առումով, ինչը պայմանավորեց էներգետիկ տեխնոլոգիաների զարգացման հետ: Փաշինյանը կարևորեց նաև պարենային անվտանգությունը: