Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել է հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար արտակարգ իրավիճակների արձագանքման եվրոպական մեխանիզմ ստեղծել՝ նման Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածին, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը։
Եվրոպացի պաշտոնյան այս մասին հայտարարել է սեպտեմբերի 16-ին՝ Եվրոպական խորհրդարանում ունեցած իր ամենամյա ուղերձում։
ՆԱՏՕ-ի պայմանագրի 4-րդ հոդվածը դաշինքի անդամ ցանկացած երկրի թույլ է տալիս խորհրդակցություններ հրավիրել իր դաշնակիցների հետ, եթե կարծում է, որ իր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը կամ անկախությունը վտանգված են։ Սա ինքնաբերաբար չի ենթադրում ռազմական արձագանք, բայց պարտավորեցնում է դաշնակիցներին քննարկել իրավիճակը և հնարավոր համատեղ գործողությունները։
Ֆոն դեր Լայենը նոր մեխանիզմի մշակման պատճառ է նշել Լիտվայում, Դանիայում, Լեհաստանում և Գերմանիայի Լայպցիգ քաղաքում վերջերս անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերը։ Նա Լայպցիգի միջադեպն անվանել է «ռազմական միջոցներով հարձակում, որն իրականացվել է ռուս գործակալների կողմից եվրոպական հողի վրա»։ Ռուսաստանը հերքում է միջադեպին իր մասնակցությունը։
Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի խոսքով, եթե ԵՄ անդամ պետություններից մեկն ակտիվացնում է նոր մեխանիզմը, մյուս երկրները ստիպված են համախմբվել՝ համակարգելու արձագանքման միջոցառումները՝ հետագա սրացումը կանխելու և հետևանքները նվազագույնի հասցնելու համար։
Ֆոն դեր Լայենը խոստովանել է, որ եվրոպական գործող ինստիտուտներն ու որոշումների կայացման ընթացակարգերը ստեղծվել են «այլ աշխարհի համար» և չեն կարողանում համընթաց քայլել անվտանգային փոփոխվող իրավիճակին։
Եվրոպացի պաշտոնյան նաև առաջարկել է ստեղծել Եվրոպական անվտանգության խորհուրդ՝ ոչ միայն ԵՄ երկրների, այլև գործընկերների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ուկրաինայի և Նորվեգիայի մասնակցությամբ։
Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի զարգացնել իր պաշտպանական կարողությունները։ Վերջին հինգ տարիների ընթացքում, ըստ նրա, դաշինքի երկրների ռազմական ծախսերն աճել են գրեթե 80%-ով։ Նա որպես առաջնահերթություն նշել է հակաօդային պաշտպանության և հրթիռային պաշտպանության համակարգերը, ռազմավարական տրանսպորտային ավիացիան, տիեզերքը և կիբեռհամակարգերը։
Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը նաև խոստացել է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը և ապահովել գործող պատժամիջոցների ավելի խիստ կիրառումը։ «Ռուսաստանն անում է ամեն ինչ դրանք շրջանցելու համար։ Հետևաբար, մենք պետք է փակենք բոլոր սողանցքները»,- ասել է ֆոն դեր Լայենը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կանադան կարող է դառնալ ԵՄ առաջին ասոցիացված անդամը. ԼայենԵՄ-ն ծրագրում է 12 մլրդ եվրո ներդնել Միջին միջանցքի զարգացման գործում. ֆոն դեր ԼայենՖոն դեր Լայեն. «Սպառնալիքների սրվող արշավ է ընթանում»