Ռուսաստանը գիշերը հրթիռներով հարվածել է Կիևին, կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ։ Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ՝ առնվազն 18 մարդ է տուժել, այդ թվում՝ երկու երեխա, 9 վիրավոր հոսպիտալացվել է։
Կիևի մի քանի շրջաններում վնասվել են բնակելի և վարչական շենքեր, պահեստներ։ Բնակելի տների պատուհաններ են կոտրվել, իսկ Գոլոսեևսկի շրջանում վնասվել է նաև համալսարանի շենք։
Նույն գիշերը ռուսական ուժերը հարվածել են նաև Օդեսային։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ առնվազն 7 մարդ է վիրավորվել, նրանց թվում՝ 4 և 13 տարեկան երեխաներ։ Վնասվել է նաև բազմահարկ շենք։
Ռուսական հարվածների հետևանքով զոհ և վիրավորներ կան նաև Սումիում։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության փոխանցմամբ՝ նախօրեին կառավարվող ավիառումբերով հարվածներից մեկ մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ երկու երեխա։ Վնասվել և ավերվել են բնակելի տներ, տնտեսական շինություններ ու մեքենաներ։