«Ադրբեջանի մաս կազմող տարածքի նկատմամբ հավակնությունը X կետից պատերազմ է». Փաշինյանը՝ Տիգրանաշենի մասին

Հայաստանի 29 743 քառակուսի կմ տարածքի մեջ Քյարքի բնակավայրը չի մտնում, և եթե Երևանը հիմա այլ դիրքորոշում որդեգրի, կնշանակի ասել, որ Հայաստանը տարածքը ոչ թե 29 743 քառակուսի կիլոմետր է, այլ 29 753 քառակուսի կմ, խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մենք նման դիրքորոշում ենք որդեգրում, նշանակում է՝ մենք հավակնություն ենք ցուցաբերում Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի մաս կազմող տարածքի նկատմամբ: Դա նշանակում է՝ մենք փլուզում ենք խաղաղությունը և խաղաղության նախաստորագրված պայմանագիրը և մեկնարկում ենք մի պրոցես, որի X կետում պատերազմն անխուսափելի է» ,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Իրինա Յոլյանի հարցին, թե ի՞նչ է Քյարքին Փաշինյանի համար՝ տարածք, բնակավայր, ճանապարհ, թե օբյեկտ:

Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, նկատեց, որ Ալմա Աթայի հռչակագրում չկա ոչ 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մասին հիշատակում և ոչ էլ քարտեզներ:

Փաշինյանն ասաց, թե իրենք հենվում են Խորհրդային Միությունում իրավական ուժ ունեցող վերջին քարտեզների վրա. դրանք ենք 1974-1978 թվականի քարտեզները, որոնք հերթապահության ընթացակարգ են անցել 1979 թվականին. - «Ինչը կա էդ քարտեզների վրա, ասում ենք՝ կա, ինչը չկա, ասում ենք, որ չկա»:

Վարչապետն այսօր ստիպված էր նաև անդրադառնալ 2021, 2022 թվականներին Հայաստանի օկուպացված տարածքների խնդրին, որոնցից Ադրբեջանը հրաժարվում է ետ քաշվել: «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորի հարցին ի պատասխան՝ ասաց՝ Սև լճի և Ջերմուկի օկուպացված տարածքները Հայաստանի անբաժանելի մաս է համարում:

Իսկ թե ինչ ժամկետում են Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերվելու Հայստանի ինքիշխան տարածքներից, կրկնեց, որ հարցը ենթակա է լուծման սահմանազատման շրջանակներում:

«Ո՞րն է երաշխիքը, որ սահմանազատման շրջանակներում այդ հարցեը կլուծվեն: Երաշխիքը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության համատեղ կանոնակարգն է», - ասաց Փաշինյանը՝ հիշեցնլով, որ այդ փաստաթղթում ամրագրված է Ալմա -Աթայի հռչակագիրը, որը սահամանազատման գործընթացի բազային սկզբունքն է:

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումն շարունակել հյուսիսից հարավ՝ սկսելով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից: Բայց Տավուշ-Ղազախ հատվածում 12 կմ գծելուց հետո արդեն 2 տարուց ավելի է նոր տարածքներ չեն սահմանազատվել: Ըստ պաշտոնական Երևանի՝ Ադրբեջանը 90-ականների պատերազմից ու 2021, 2022 թվականների ներխուժումներից հետո օկուպացված է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր: