Սահմանադրական դատարանը որոշել է, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի սահմանադրությանը:
Բարձր դատարանից «Ազատությանը» հայտնեցին, որ որոշումն ամբողջությամբ կհրապարակվի եռօրյա ժամկետում: Սահմանադրական դատարանը երեկ առավոտյան էր սկսել քննել հարցը՝ գրավոր ընթացակարգով ու երեկ էլ կայացրել որոշումը:
Փաստաթուղթը ՍԴ-ից կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման։ Միջազգային պայմանագրի վավերացման օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում քննարկվում է մեկ ընթերցմամբ, ընդունվում՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Սա նշանակում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ձայները բավարար են ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրն ընդունելու համար:
Խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցություններն առայժմ չեն հստակեցրել՝ կողմ, թե դեմ կքվեարկեն:
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը Երևանն ու Վաշինգտոնը նախաստորագրել էին մայիսի 26-ին։ Ստորագրման գործընթացն ավարտվել էր հունիսի 4-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ստորագրություններով։ Հուլիսին Կառավարությունը հավանություն էր տվել համաձայնագիրը վավերացնելու նախագծին։