Գերմանական ռազմական օդանավակայանի մոտ անօդաչուի բեկորներ են հայտնաբերվել

Լայպցիգի օդանավակայանը, Գերմանիա, արխիվ

Գերմանիայի Հանովեր քաղաքի մոտակայքում կործանված անօդաչու թռչող սարքի մնացորդներ են հայտնաբերվել: NDR-ի տվյալներով՝ բեկորները հայտնաբերվել են Շտայնհուդեր լճի մոտ, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:

Ոստիկանությունը հայտնաբերման մասին հաղորդում է ստացել սեպտեմբերի 14-ին և շարունակում է անօդաչուի մյուս մասերի որոնումները մեծ ու անմարդաբնակ տարածքում:

Bild թերթի տվյալներով՝ վթարի վայրը գտնվում է Վունշտորֆի ռազմական օդանավակայանից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա, որտեղ տեղակայված են Գերմանիայի ռազմաօդային ուժերի Airbus A400M ռազմական տրանսպորտային ինքնաթիռները։

Դեռ հայտնի չէ, թե ում է պատկանում անօդաչուն և ինչու է այն եղել ռազմական օբյեկտի մոտ։ Ոստիկանությունը հետաքննում է հանգամանքները։

Օգոստոսին Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել էին մի քանի անօդաչուներ, որոնցից մեկը զինված էր պայթուցիկներով և գտնվում էր զինամթերք տեղափոխող ուկրաինական Ան-124 տրանսպորտային ինքնաթիռի մոտակայքում։

Սեպտեմբերի 1-ին Գերմանիայի ներքին գործերի և արտաքին գործերի նախարարությունները Ռուսաստանին մեղադրեցին Լայպցիգում դիվերսիայի փորձի համար։ Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը հայտարարեց, որ անօդաչուի դիզայնը, բաղադրիչները, պայթուցիկ նյութերը և դետոնացիոն համակարգերը նույն են, ինչ համակարգերը, որոնք Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում և այլ հիբրիդային գործողություններում։

Դեպքից հետո Գերմանիան որոշեց փակել Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը և Բեռլինում Ռուսաստանի գիտության և մշակույթի տունը։

Ռուսաստանի իշխանությունները կտրուկ արձագանքեցին Գերմանիայի հայտարարությանը և որոշումներին: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Գերմանիան հետապնդում է «էսկալացիայի հետագա ուղի» և «որևէ փաստարկ չի ներկայացվել»:

Արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ Գերմանիայի իշխանությունների մեղադրանքներն անվանեց «իսկական պատերազմի սկիզբ»։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրանքները պայմանավորեց Գերմանիայում ընթացող ներքաղաքական գործընթացներով։

Ապա Մոսկվան չեղյալ հայտարարեց Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության գործունեության վերաբերյալ իր համաձայնությունը և փակեց Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղերը Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Եկատերինբուրգում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՆԱՏՕ-ն հաստատել է՝ Լայպցիգի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ ԱԹՍ է նկատվելԼեհաստանն իր տարածքում կործանել է ռուսական մի քանի ԱԹՍ-ներ․ Վարշավան դիմում է ՆԱՏՕ-ինԼայպցիգի օդանավակայանի վրա հարձակման կասկածյալները ՌԴ քաղաքացիներ ենՌուսաստանը փակում է Գերմանիայի հյուպատոսությունը Պետերբուրգում և Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղերըՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԼայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա