Ո՞ւր է հասել հայ - չինական համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 14-ից աշխատանքային այցով Չինաստանում է։ Պեկինում նա հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ։

Հայաստանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ նախարարները քննարկել են պաշտպանական համագործակցությունն ու դրա զարգացման հեռանկարները, անդրադարձել նաև նոր ուղղություններով և երկարաժամկետ ծրագրերով համագործակցելու հնարավորություններին։ Թե այցի ընթացքում ռազմական համագործակցության վերաբերյալ կոնկրետ նոր պայմանավորվածություններ ձեռք բերվե՞լ են, ՊՆ-ն չի մանրամասնում։

Պապիկյանը Պեկինում նաև մասնակցել է Սյանշանի անվտանգության 13-րդ համաժողովի բացման արարողությանը։ Համաժողովին ներկա էր նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Հայկական կողմը վերջին 4 տարիներին կանոնավոր մասնակցում է այս համաժողովին, որը նվիրված է միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը, ռազմական համագործակցություններին։ Սրան զուգահեռ, չինական սպառազինությունը սկսել է կարևոր տեղ զբաղեցնել հայկական բանակի զինապահեստներում։


«Աղեղ», «Որոտ» և «Նիզակ»

Հայաստան-Չինաստան ռազմական համագործակցության մասին պաշտոնական Երևանը մինչ այժմ շատ մանրամասներ չի հրապարակել։ Բայց 2026-ի մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայացած զորահանդեսի ընթացքում ցուցադրված սպառազինության մեջ լրատվամիջոցներն առանձնացրել էին չինական արտադրության զինատեսակներ։ Դրանցից մեկը CH-4B անօդաչու թռչող սարքն էր, որ զորահանդեսին ներկայացվել է որպես «Աղեղ». այն չափսերով ամենախոշորն է հայկական բանակում, նախատեսված է և հետախուզական, և հարձակողական գործողությունների համար։

Երևանում գործող Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Էդուարդ Առաքելյանը խոսելով չինական այս զինատեսակի մասին, շեշտել էր՝ դրանք ունեցել են կիրառման գործնական փորձ, օգտագործվել են Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի երկրներում՝ Եմենում, Իրաքում։

Տարբեր մասնագետներ որպես չինական են ներկայացրել նաև «Որոտ-1» և «Որոտ-2» անօդաչու թռչող սարքերը։ Դրանք նույնականացվել են չինական հակառադիոլոկացիոն FL 300-A (ASN-301) սարքավորման հետ։ «Առաջինը ցուցադրվեց բաց թափքով ավտոմեքենայի վրա, իսկ երկրորդը՝ բեռնատարի թափքում վեց արկղանոց կազմաձևով: Չնայած տարբեր անվանումներին՝ երկուսն էլ, ըստ երևույթին, նույն «FL-300A» տեսակն էին, որն ունի 280-300 կմ գործողության շառավիղ»,- զորահանդեսին ներկայացված զենքերի մասին գրել էր հետազոտող-լրագրող Հովհաննես Նազարեթյանը:

Մայիսքսանության զորահանդեսին ներկայացվել էր նաև «Նիզակ» հակատանկային կառավարվող հրթիռային համակարգը։ Լրատվամիջոցները այն նույնականացրել էին չինական GAM-102LR համակարգի հետ։ Վերջերս պաշտպանության նախարարության տեսանյութերից մեկում «Նիզակ»-ի ցուցադրության որոշ դետալներ հաստատել էին այս վարկածը։ Մեկ այլ թեթև հարվածային դրոն՝ հայերեն «Կայծակ» անվամբ, լրատվամիջոցները նույնականացրել էին որպես չինական CH-901/FH-901, որը «Չինաստանի ավիատիեզերական գիտության և արդյունաբերության պետական (CASC) ընկերության մշակած խողովակից արձակվող դրոն է և համեմատելի է ամերիկյան «Սուիչբլեյդ 600»-ի հետ»։

Մինչ այս, հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցության մի դրվագ էլ կարելի առանձնացնել 2013-ին։ Այդ ժամանակ, «Ազատություն»-ը գրել էր, որ Հայաստանը ձեռք է բերել չինական AR1A համազարկային կրակի հրթիռային համալիր, որը ռուսական «Սմերչ»-ի արդիականացված տարբերակն էր, հեռահարությունը հասնում էր մինչև 130 կիլոմետրի։ Ավելի վաղ՝ 1999-ին, Հայաստանը Չինաստանից ձեռք է բերել 4 համալիր WM-80 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, այդ մասին են վկայում Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տվյալները։ Հետագա տարիներին չինական ձեռքբերումների մասին այս հարթակում տվյալներ չկան։

Հայաստանն ու Չինաստանը մեկ տարի առաջ նաև հայտարարեցին ռազմավարական գործընկերության մասին։ Փաստաթղթի ոլորտային համագործակցության բաժնում, սակայն, պաշտպանական, ռազմատեխնիկական համագործակցության մասին տեղեկություններ չկան, կողմերը կենտրոնացել են կրթության, գիտության,մշակույթի, արհեստական բանականության, տեխնոլոգիաների, թվայնացման, տրանսպորտի ոլորտներում համագործակցության վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սպառազինություն՝ 7 երկրից, այդ թվում՝ Իրանից ու Չինաստանից