Ռուսաստանում պատրաստվում են Պետական դումայի ընտրություններին․ քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-20-ին։ 2022 թվականին Ուկրաինա լայնածավալ ներխուժումից ի վեր սա առաջին անգամն է, երբ ռուսաստանցիները քվեարկելու են խորհրդարանի 450 տեղանոց ստորին պալատը ձևավորելու համար։
Թեև քչերը պատրանքներ ունեն Ռուսաստանում Պետդումայի ընտրությունների վերջնական արդյունքի վերաբերյալ, այնուամենայնիվ, արժե ուշադրություն դարձնել մասնակցության թվերին, որոնք կարող են որոշակի պատկերացում տալ, թե որքանով են ռուսաստանցի ընտրողները ներգրավված քաղաքական գործընթացում կամ որքանով են անտարբեր դրա նկատմամբ։
Անցյալ ամիս Ռյազան քաղաքում պետական «Ռոսիա» հեռուստաընկերության տեղական մասնաճյուղը բանավեճի էր հրավիրել Պետդումայի ընտրություններին տեղում մասնակցող վեց թեկնածուների։
Թեկնածուներից ոչ ոք հեռուստաբանավեճին չներկայացավ։
Հեռուստաընկերությունը հաջորդ օրը կրկին փորձեց կազմակերպել բանավեճը։
Ռյազանի այդ դեպքը ցույց է տալիս, թե ինչ տրամադրություններ են Ռուսաստանում։ Ուկրաինայի դեմ արդեն հինգերորդ տարին շարունակվող պատերազմը ավելի քան 1.5 միլիոն ռուս զինվորների մահվան կամ վիրավորման պատճառ է դարձել։ Այն նաև երկիրը լիակատար ավտորիտար ոստիկանական պետության է վերածել։
Ռուսաստանում քչերը պատրանքներ ունեն Պետդումայի մասին։ Այն վաղուց դադարել է իրական ժողովրդավարական մարմին լինելուց՝ վերածելով նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա վարչակազմի որոշումները դակող մարմնի։
Այդ դեպքում ինչո՞ւ է ընդհանրապես պետք ընտրություններ անցկացնել։ Ահա հինգ բան, որ պետք է իմանալ սեպտեմբերի 18-ին մեկնարկող եռօրյա քվեարկությունից առաջ։
(Ինքնիշխան) ժողովրդավարությունը պատերազմի ժամանակ
Սա առաջին համապետական քվեարկությունը չէ, որն Ռուսաստանն անցկացրել է 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժումից ի վեր։
Պուտինը, ով երկիրը կառավարում է 1999 թվականից ի վեր որպես նախագահ կամ վարչապետ, 2024 թվականի նախագահական ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տարավ՝ առաջ անցնելով երեք թեկնածուներից, որոնք առաջադրվել էին ընդդիմադիր համարվող, սակայն հիմնականում Կրեմլի օրակարգը սպասարկող կուսակցությունների կողմից։
Ընտրություններից առաջ ոչ ոք կասկածներ չուներ Պուտինի հաղթանակի հարցում։
Այդուհանդերձ, քվեարկության թվերի ներքո թաքնված էին մնացել այլ ցուցանիշներ, որոնք ուշադիր ուսումնասիրվում էին Կրեմլի ներսում գործող ազդեցիկ կառույցի կողմից, որը պատասխանատու է երկրի ներքաղաքական համակարգի օրինականության արտաքին տեսքը պահպանելու համար։
Օրինակ՝ մասնակցությունը։ Ցածր մասնակցությունը նշանակում է ընտրազանգվածի անտարբերություն, իսկ անտարբերությունը վտանգավոր է Կրեմլի և քաղաքական համակարգի լեգիտիմության համար։
«Այս ընտրությունները կարևոր են Կրեմլի համար, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ձևականորեն լեգիտիմացնել ռեժիմը և Ուկրաինայի դեմ նրա պատերազմը՝ ցույց տալով, որ հասարակությունը շարունակում է աջակցել Կրեմլի ռազմականացված քաղաքական կուրսին», -«Ազատությանն» ասել է Լոնդոնում գործող Chatham House վերլուծական կենտրոնի գիտաշխատող Նատալյա Կովալևան։
«Կրեմլը փորձում է դժվարին հավասարակշռություն պահպանել՝ մի կողմից համախմբելով հանրային աջակցությունը պատերազմական գործողությունների շուրջ, իսկ մյուս կողմից խուսափելով այնպիսի ընտրություններից, որոնք կարող են բացահայտել աճող դժգոհությունը կամ պատերազմից հոգնածությունը», - «Ազատությանն» ռադիոկայանին ասել է փորձագետը:
Արդյո՞ք կլինի նոր մոբիլիզացիա
Ընտրությունների շրջանում օդում կախված է մնում մի հարց՝ արդյո՞ք դրանց հաջորդելու է ևս մեկ զորահավաք՝ Ուկրաինայի դեմ պատերազմի համար։
Երբ Պուտինը վերջին անգամ՝ 2022 թվականի սեպտեմբերին մոտ 300 հազար զինվորի՝ հիմնականում պահեստազորայինների զորահավաք հայտարարեց, այդ քայլը ցնցեց Ռուսաստանը։ Հարյուր հազարավոր մարդիկ լքեցին երկիրը։
Ուկրաինայի դեմ պատերազմող ռուսաստանցի զինծառայողները Մոսկվայի Կարմիր հրապարակում մասնակցում են Հաղթանակի օրվա շքերթին, 9-մայիսի, 2026թ.
Չորս տարի անց ռուսական ուժերը շարունակում են ահռելի կորուստներ կրել ռազմաճակատում։ Անցյալ շաբաթ բրիտանացի բարձրաստիճան զինվորական պաշտոնյան հայտարարել է, որ պատերազմի ընթացքում առնվազն 500 հազար ռուս զինվոր է զոհվել։ Այլ գնահատականների համաձայն՝ առնվազն ևս 1 միլիոն մարդ վիրավորվել է, և նրանցից շատերը ստացած վիրավորումների պատճառով չեն կարող մարտադաշտ վերադառնալ։
Զինվորներին հավաքագրողները կարողացել են պահպանել ռազմաճակատ մեկնող կամավորների շարունակական հոսքը՝ հիմնականում չափազանց բարձր վճարների և նպաստների շնորհիվ։ Որոշ դեպքերում վճարվող գումարը գերազանցում է ամբողջ տարվա աշխատավարձը։ Զգալի են նաև մարտական գործողությունների ժամանակ զոհված զինվորների այրիներին և ընտանիքի անդամներին տրամադրվող վճարները։
Սակայն այդ վճարումները դատարկել են բազմաթիվ շրջանների գանձարանները՝ տեղական իշխանությունների համար լուրջ ֆինանսական խնդիրներ առաջացնելով։ Դրա հետևանքով նորակոչիկների թվի աճը դանդաղել է, ու դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ ուկրաինական հարձակումները շարունակում են ծանր կորուստներ պատճառել ռուսական ուժերին։
Վերջին ամիսներին աճել են ենթադրությունները, որ Պուտինը կարող է սրել պատերազմի ընթացքը և Պետդումայի ընտրություններից որոշ ժամանակ անց նոր զորահավաք հայտարարել։
«Այսօրվա դրությամբ չկա որևէ սցենար, որը կպահանջի մոբիլիզացիա», - այս ամսվա սկզբին Վլադիվոստոկում ասել էր Պուտինը։
«Այսօրվա դրությամբ» - ահա նրա միտքը հասկանալու բանալին։
«Իմ պատկերացմամբ՝ ընտրությունները մի կողմից պատերազմի և Կրեմլի քաղաքականության վերաբերյալ համապետական հանրաքվեի և, մյուս կողմից պետական ապարատի համապետական ցուցադրության համադրություն են․ որքանո՞վ կարող է պետական ապարատը, իսկ ես նկատի ունեմ ավելի լայն պետական ապարատը՝ տեղական նահանգապետերից մինչև դպրոցների ուսուցիչներ, ապահովել, որ ամեն ինչ սահուն ընթանա», - անցյալ շաբաթ կայացած կլոր սեղանի քննարկման ժամանակ ասել է Eurasia Group-ի տնօրեն և Վաշինգտոնում գործող Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի գիտաշխատող Ալեքսանդր Կոլյանդրը։
Պատերազմի վետերանները՝ թեկնածուներ
Սա առաջին համապետական ընտրություններն են, որոնցում առաջադրված թեկնածուների մեջ զգալի թվով պատերազմի վետերաններ կան։
Կրեմլն իր աջակցության բազան կառուցել է նաև այն հսկայական տնտեսական արտոնությունների վրա, որոնք տրվել են կամավոր ռազմաճակատ մեկնած տղամարդկանց։
Ուկրաինայում կռված ու ողջ մնացած հարյուր հազարավոր տղամարդիկ տուն են վերադարձել՝ մարտական փորձով, պարգևներով և առատ փոխհատուցումներով։ Նրանց թվում են նաև նախկինում ծանր հանցագործությունների համար դատապարտվածներ, որոնց ազատ էին արձակել բանտերից՝ ռազմի դաշտ մեկնելու համար։
Երկու տարի առաջ նախագահի աշխատակազմը՝ առաջին փոխվարչապետ Սերգեյ Կիրիենկոյի ղեկավարությամբ, սկսել է «Հերոսների ժամանակը» անվամբ ծրագիր, որի նպատակն էր հայտնաբերել վետերաններին և նրանց պատրաստել հանրային ծառայության՝ որպես պետական պաշտոնյաների կամ ադմինիստրատորների, կամ որպես քաղաքական պաշտոնների թեկնածուների։
Պուտինը վետերաններին անվանել է Ռուսաստանի «նոր էլիտա»։ Առնվազն 200 վետերան որակավորվել է Պետդումայի ընտրությունների քվեաթերթիկում ընդգրկվելու համար, մոտ 1400-ն էլ թույլտվություն է ստացել առաջադրվելու տարածաշրջանային և տեղական ընտրություններում։
Վետերանների առնչությամբ Կրեմլին մտահոգող մեկ այլ հանգամանք էլ այն է, թե ինչ տեղի ունեցավ Խորհրդային Միության՝ Աֆղանստան ներխուժումից հետո, երբ զորացրված հազարավոր զինծառայողներ վերադարձան տուն և լուրջ սոցիալական խնդիրների պատճառ դարձան մի փուլում, երբ փլուզվում էր Խորհրդային Միությունը։
«Քվեաթերթիկները հաշվողները որոշում են ամեն ինչ»
Ռուսաստանի ընտրությունները տարիներ շարունակ խոշորացույցի տակ են եղել։
Նախկինում անկախ դիտորդները, ինչպես նաև վիճակագիրները, բազմաթիվ դեպքեր են արձանագրել, երբ քվեարկության արդյունքները, ըստ երևույթին, կեղծվել են։
Դրանից բացի հայտնի են նաև այլ ընտրախախտումների դեպքեր, այդ թվում «կարուսելը», երբ ընտրողներին ավտոբուսներով մի ընտրատեղամասից մյուսն են տեղափոխում՝ բազմակի քվեարկության համար, ընտրակաշառքը կամ վարչական ռեսուրսի չարաշահումը։
Սակայն այժմ այդ խախտումներն արձանագրող անկախ դիտորդներ չկան։ Ռուսաստանում ամենահայտնի կազմակերպություններից մեկի՝ «Գոլոս»-ի գործունեությունը իշխանություններն արգելել են: Օտարերկրյա կառույցները, օրինակ՝ ԵԱՀԿ-ն կամ եվրոպական և ամերիկյան քաղաքական կուսակցությունների հետ կապված խմբերը, տարիներ ի վեր արգելված են։
Այլ խմբեր, օրինակ՝ հանգուցյալ հակակոռուպցիոն գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիմնադրած քաղաքական կազմակերպությունը, նույնպես արգելվել է կամ ամբողջությամբ դուրս մղվել երկրից։
«Իհարկե, կան շրջաններ, որտեղ իշխանությունները կստանան իրենց ուզած արդյունքները՝ առանց առանձնակի դժվարության», - Current Time-ին ասել է «Գոլոս» կազմակերպության նախկին համանախագահ Ստանիսլավ Անդրեյչուկը։ «Եվ կան շրջաններ, որտեղ նրանք չեն կարողանա ստանալ իրենց ուզածը․ նույնիսկ թեկնածուների թիմ չի լինի դա անելու համար», - հավելել է նա։
Թեև հասարակական կարծիքի հարցումներ անցկացնելը Ռուսաստանում դժվար է, որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս պատերազմի նկատմամբ աջակցության էական նվազում, ինչպես նաև անձամբ Պուտինի նկատմամբ աջակցության նկատելի անկում։
Թեև Պուտինն անձամբ ներկայացված չէ Պետդումայի ընտրությունների քվեաթերթիկում, նա քարոզարշավ է իրականացնում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության օգտին։ «Եդինայա Ռոսիա»-ն լայն ժողովրդականություն չի վայելում Ռուսաստանում, սակայն ակնկալվում է, որ այն կշարունակի մեծամասնություն կազմել Պետդումայում։
Իսկ ընդդիմությունից ի՞նչ կա
Ռուսաստանի «ինքնիշխան ժողովրդավարության» պայմաններում, որը «կառավարվող ժողովրդավարության» հայեցակարգի տարբերակն է, ընդդիմադիր կուսակցությունները օրենքով կարող են մասնակցել ընտրական գործընթացներին, սակայն միայն այն դեպքում, եթե դրանք արտոնված են իշխանությունների կողմից։
Արդյունքում ստեղծվել է մի արհեստական համակարգ, որի պայմաններում «համակարգային» ընդդիմադիր կուսակցությունները, օրինակ՝ Կոմունիստական կուսակցությունը, ձևականորեն հանդես է գալիս կառավարության դեմ, սակայն իրականում վերջում քվեարկում են կառավարության օրինագծերի օգտին։
Ռուսաստանում գործում է նաև «Յաբլոկո» կուսակցությունը։ Այն երկար տարիներ համարվում է երկրի առաջատար լիբերալ ուժը։ Թեև կուսակցությունը 2000-ականների կեսերից ի վեր Պետդումայում ներկայացված չի եղել, ռուս հասարակության համար շարունակում էր ծառայել որպես «փուքսը թողնելու փական»։ Օրինակ, պատերազմին դեմ արտահայտվող ռուսաստանցիները կարող էին իրենց անհամաձայնությունն արտահայտել՝ քվեարկելով «Յաբլոկո»-ի օգտին։
Սակայն այս անգամ իշխանությունները նախընտրեցին ռիսկի չդիմել։ Անցյալ ամիս Մոսկվայի դատարանն արգելեց կուսակցությանը մասնակցել Պետդումայի ընտրություններին՝ վկայակոչելով մի շարք տարակուսելի իրավական բողոքներ։
«Յաբլոկո»-ի աջակիցները Գերագույն դատարանի առջև, Մոսկվա, 10-ը օգոստոսի, 2026թ.
«Մենք հասկանում ենք, որ «Յաբլոկո»-ն ինքնին ներկայացնում է ընտրողների համեմատաբար փոքր հատվածը, սակայն նրա օրակարգը միավորում է հսկայական թվով մարդկանց», - «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը ասում է քաղաքական ակտիվիստ Անդրեյ Պիվովարովը, ով ժամանակին բանտարկվել էր ընդդիմադիր գործունեության համար։
«Գուցե նրանք նախկինում ընտրողներից շատերը չգիտեին «Յաբլոկո»-ի մասին կամ չէին աջակցում հենց այդ կազմակերպությանը, սակայն նրա խաղաղության օրակարգը շատ պահանջված է», - ասում է նա. - ««Յաբլոկո»-ն միակ կուսակցությունն է, որը դեմ է պատերազմին։ Դա միակ կուսակցությունն է, որի շուրջ գործնականում բոլոր ընդդիմադիր ուժերը համախմբվել են»։
Այնուհետև մի քանի շրջաններ նույնպես նույն կերպ վարվեցին և արգելեցին կուսակցությանը թեկնածուներ առաջադրել նաև տեղական ընտրություններում։
Իշխանությունները նաև թիրախավորեցին մեկ այլ անկախ թեկնածուի՝ Բորիս Նադեժդինին, ով երկու տարի առաջ նախագահական ընտրություններում փորձել էր հակապատերազմական օրակարգով մարտահրավեր նետել Պուտինին և այս տարի էլ ցանկանում էր նույնն անել Պետդումայի ընտրություններում։
Ամռան ընթացքում իրավապահ մարմինները մի շարք միջոցներով տապալեցին այդ նախաձեռնությունը։ Անցյալ ամիս Նադեժդինը լքեց Ռուսաստանը և այժմ ապրում է Ֆրանսիայում։
Այսպես կոչված «ոչ համակարգային» քաղաքական կազմակերպությունների թվում է Պուտինի հանգուցյալ ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնիի խումբը։ Նրա այրին՝ Յուլիա Նավալնայան, ստանձնել է այդ գործը, ինչպես նաև դա արել են ռուսական ընդդիմության այլ հայտնի վտարանդի ներկայացուցիչներ:
Սեպտեմբերի 14-ին Նավալնայան և ընդդիմության մեկ այլ ներկայացուցիչ՝ Մաքսիմ Կացը հրապարակեցին այն թեկնածուների ցանկը, որոնց նրանք աջակցում են․ ցանկում ընդգրկված քաղաքական գործիչներին միավորում է մեկ բան՝ բոլորը դեմ են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։