Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերը փոխադարձ հարվածներ են հասցրել

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ ռուսական կողմը երկրի ուղղությամբ արձակել է 80 անօդաչու, որոնցից 63-ը խոցվել կամ չեզոքացվել են։ Հարվածներ են արձանագրվել յոթ վայրում։

Կիևում անօդաչուի բեկորներն ընկել են Սվյատոշինսկի շրջանում գտնվող պահեստային տարածքի վրա,որից հետո հրդեհ է բռնկվել։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ՝ մեկ մարդ վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց։ Առավոտյան Ուկրաինայի մայրաքաղաքում երկու անգամ օդային տագնապ է հնչել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ գիշերվա ընթացքում երկրի վեց շրջանների, բռնակցված Ղրիմի և Սև ծովի վրա 71 ուկրաինական անօդաչու է խոցվել։

Բելգորոդի մարզի Կրասնայա Յարուգա բնակավայրում, տեղական իշխանությունների տվյալներով, անօդաչուն հարվածել է մեքենայի։ Երկու տղամարդ է վիրավորվել, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

Փոխադարձ հարվածները շարունակվում են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել էր, թե Մոսկվան և Կիևը համաձայնել են դադարեցնել էներգետիկ օբյեկտներին հարվածները։ Ռուսաստանն ու Ուկրաինան նման պայմանավորվածություն առայժմ չեն հաստատել։