«Ամբողջությամբ հանելուկ է»․ ինչպե՞ս սնդիկը հայտնվեց Ծավի «անարատ» ջրում

Ծավի բնակիչները տարակուսած են՝ ինչպե՞ս է սնդիկը հայտնվել իրենց խմելու ջրում։ Սնդիկի թույլատրելի շեմը գերազանցող քանակ է հայտնաբերվել գյուղի ջրաղբյուրներից վերցված նմուշներում, ինչից հետո մասնագետները հորդորել են առայժմ չօգտագործել ջուրը։ Բնակիչներն ասում են՝ «խիստ թունավոր ծանր մետաղը խմելու ջրում՝ չլսված բան է»։

Բնակիչները մտահոգված են՝ Բասուտայի անարատ ավազանում, Հայաստանի էկոլոգիապես ամենամաքուր ձորում թունավոր սնդիկը որտեղի՞ց է իրենց բաժակի մեջ հայտնվել: Երեկվանից լուրեր են տարածվում՝ գուցե ադրբեջանական հետք կա այս արտառոց պատմության մեջ: Ծավը սահմանից 9 կիլոմետրի վրա է: Ծավում ավելի քան 20 տարի գյուղապետ աշխատած Սեյրան Զաքարյանը հերքում է՝ անհնար է: