ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանել է, որ զենք է տեղակայել տիեզերքում

Պելիկան արբանյակ, արխիվ

Միացյալ Նահանգները հարձակողական զենք է տեղակայել Երկրի ուղեծրում, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ելույթ ունենալով Օդային, տիեզերական և կիբեռպատերազմի համաժողովում՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Թրոյ Մեյնկն ասել է, որ այս զենքն անհրաժեշտ է ամերիկյան ուժերը «զարգացող սպառնալիքներից» պաշտպանելու համար։ Նա չի մանրամասնել զենքի հնարավորությունները կամ չի նշել, թե երբ է այն գործարկվել։

Մինչ օրս ամերիկացի պաշտոնյաները խոսել են միայն տիեզերքում ռազմական կարողություններն ամրապնդելու մտադրությունների մասին՝ մատնանշելով ռուսական և չինական ծրագրերը, որոնք նախատեսված են ռազմական հակամարտության դեպքում ամերիկյան արբանյակներին հարձակվելու և խափանելու համար։

Թրամփի վարչակազմը նշել է, որ հրթիռները և ԱՄՆ տարածքին սպառնացող այլ թիրախները որսալու համար նախատեսված «Ոսկե գմբեթ» համակարգը կներառի տիեզերական բաղադրիչ, այդ թվում՝ որսացող հրթիռներ։

1967-ին ԽՍՀՄ-ն և ԱՄՆ-ն ստորագրել են տիեզերքում զանգվածային ոչնչացման զենքի տեղակայումն արգելող պայմանագիր: Սակայն դա չի վերաբերում սովորական զենքին, և վերջին տարիներին Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն մշակել են թշնամու արբանյակների վրա հարձակվելու տարբեր միջոցներ, որոնք անհրաժեշտ են կապի, հետախուզության և նավիգացիայի համար։

2019-ին ԱՄՆ-ն 70 տարվա ընթացքում առաջին անգամ ստեղծեց զինված ուժերի նոր ճյուղ՝ Տիեզերական ուժերը։ Անցյալ տարի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր ստորագրեց, որով սահմանվեց, որ Տիեզերական ուժերը ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական առաքելություններ իրականացնելու համար են։

Տիեզերական ուժերի խոսնակը պարզաբանել է, որ նրանք ունեն «կինետիկ և ոչ կինետիկ հնարավորություններ» այս նպատակի համար։

Փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ երկու ռուսական արբանյակներ, մեծ հավանականությամբ, որսացել են առնվազն 12 եվրոպական արբանյակների ազդանշաններ՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր: BBC-ն նշում է, որ այդ ազդանշաններին կարող էր հասանելիություն ունենալ ռուսական հետախուզությունը, և կար նաև արբանյակների վերահսկողությունը վերցնելու հնարավոր ռիսկ:

2024-ին ԱՄՆ-ն հայտնեց, որ Ռուսաստանն արձակել է արբանյակ, որը, հավանաբար, կարող է հարձակվել այլ արբանյակների վրա։ Ռուսաստանը որևէ մեկնաբանություն չի արել։

Ինչպես նշում են ԱՄՆ տիեզերական ուժերը, Չինաստանը «զարգացնում և շահագործում է տիեզերական և հակատիեզերական հնարավորությունները՝ որպես իր ռազմական արդիականացման ռազմավարության մաս», մինչդեռ Ռուսաստանը «տիեզերքը դիտարկում է որպես պատերազմի ոլորտ և տիեզերական գերիշխանությունը համարում է որոշիչ գործոն ապագա հակամարտություններում», նշում է աղբյուրը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Արտեմիս II»-ի անձնակազմը վերադարձավ ԵրկիրԱՄՆ-ն չի երկարաձգի New START-ը. Թրամփն առաջարկում է նոր ու ավելի լավ պայմանագիր կնքելNASA-ն 4 տիեզերագնացի վաղաժամ վերադարձրել է Երկիր՝ առողջական խնդիրների պատճառով