ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ անօդաչու է խոցել Լիտվայի երկնքում. ի՞նչ է հայտնի

ՆԱՏՕ-ի կործանիչները պարեկում են Լիտվայի երկնքում, 20 նոյեմբերի, 2014 թ.

ՆԱՏՕ-ի կործանիչը կեսգիշերից կարճ անց անօդաչու թռչող սարք է խոցել, հայտնել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Սա ՆԱՏՕ-ի ինքնաթիռների կողմից Լիտվայի երկնքում խոցված առաջին անօդաչուն: Դրա պատկանելիությունը դեռ չի պարզվել:

Կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ անօդաչուն, որը, հավանաբար, եկել էր Բելառուսից, խփվել է Պրատկունայ գյուղի մոտ, որը երկրի երկրորդ խոշորագույն քաղաք Կաունասի մոտ է։

ՆԱՏՕ-ի Բալթյան օդային հսկողության առաքելությանը մասնակցող կործանիչները պարեկում են Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի երկինքը 2004 թվականին դաշինքին միանալուց ի վեր: Այս առաքելության շրջանակում ինքնաթիռները մայիսին Էստոնիայի, իսկ հունիսին և օգոստոսին՝ Լատվիայի երկնքում խոցել են իրենց ուղուց շեղված ուկրաինական անօդաչուներ, հաղորդում է Reuters-ը:

Լիտվայի բանակը հայտնել է, որ անօդաչուն խոցվել է դաշնակից Իտալիայի կործանիչների կողմից, որոնք օդ էին բարձրացել Շյաուլյայի ավիաբազայից, հաղորդում է LRT-ն: Անօդաչունի մնացորդները հայտնաբերվել են դեպքի վայրում: Այժմ այնտեղ աշխատում են զինվորականներ և ոստիկանության աշխատակիցներ:

Ուկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի վրա հարձակումները՝ օգտագործելով հեռահար անօդաչուներ, այդ թվում՝ Բալթիկ ծովի տարածաշրջանում: Ուկրաինական անօդաչուները նախկինում մուտք են գործել Ֆինլանդիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի օդային տարածք: Ուկրաինան այս միջադեպերը բացատրել է նրանով, որ Ռուսաստանը, օգտագործելով էլեկտրոնային պատերազմի համակարգեր, միջամտում է անօդաչուների թռիչքի ուղղությանը:

«Մենք չենք շտապի եզրակացություններ անել. կանցկացվի հետաքննություն, և կգնահատվեն բոլոր հանգամանքները։ Ակնհայտ է, որ նման միջադեպերը չեն նվազի։ Այժմ ամենակարևորն այն է, որ սպառնալիքը չեզոքացվել է և այլևս վտանգ չի ներկայացնում բնակիչների համար։ Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր դաշնակիցներին արագ արձագանքի և ճշգրիտ կրակոցների համար», - հայտարարել են լիտվացի զինվորականները։

Լիտվայի Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավար Վիլմանտաս Վիտկաուսկասը LRT ռադիոկայանի եթերում ասել է, որ անօդաչուն Լիտվայում եղել է մոտ կես ժամ և եկել է Բելառուսից: Հարցին, թե ինչու է կարմիրի փոխարեն դեղին տագնապ հայտարարվել, նա բացատրել է, որ կարմիր տագնապ հայտարարվում է, երբ անօդաչուի հարվածի կամ կործանման անխուսափելի վտանգ կա:

«Զինվորականներն իրավիճակը գնահատել են որպես նախապատրաստական փուլ, և ՀՕՊ ուժերը շատ արագ արձագանքեցին։ Օբյեկտը ոչնչացվեց վայրկյանների ընթացքում, - ասել է Վիտկաուսկասը,- Դա հեռավոր գյուղական վայր էր, հեռու բնակեցված վայրերից»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լեհաստանը Բալթիկ ծովի ափին ռուսական ծագման ԱԹՍ է հայտնաբերելՌուսական անօդաչուն սպառնալիք չէր Զելենսկիի ինքնաթիռին, պնդում է ԿիևըԼայպցիգի օդանավակայանի վրա հարձակման կասկածյալները ՌԴ քաղաքացիներ ենՆորվեգիայում ամերիկյան Mk 70 հրթիռների տեղակայումն ապակայունացնող քայլ է. ԶախարովաԼայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա  ՆԱՏՕ-ի ուժերը Ռումինիայում լայնածավալ զորավարժություններ են անցկացրել