Մեկնարկել է Ազգային ժողովի 9-րդ գումարման երկրորդ նստաշրջանը։
Նիստը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովի առաջարկով սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ 2022 թվականի սեպտեմբերյան մարտերում զոհվածների։
4 տարի առաջ այս օրերին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Հայաստանի արևելյան սահմաններին, ինչի հետևանքով հայկական կողմը ավելի քան 200 զոհ տվեց և տարածքներ կորցրեց՝ Վայոց Ձորում ու Սյունիքում:
Զոհերի հիշատակը հարգելուց հետո պատգամավորները հաստատեցին նաև նստաշրջանի օրակարգի նախագիծը, որում ներառված է պարտադիր քննարկման երեք հարց, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը։
Նիստի սկզբում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը դժգոհեց, որ ԿԸՀ գործունեության մասին հաղորդումը չի քննարկվել հանձնաժողովի նիստում, ապա դիմելով խորհրդարանի խոսնակ Ռուբեն Ռուբինյանին հեգնեց՝ ինչո՞ւ օրակարգում ներառված չէ Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցը, որպեսզի «հնարավորություն ունենային Ազգային ժողովին արժանի նախագահ ընտրել»: Ռուբինյանն արձագանքեց, թե դա, իր կարծիքով, «անհաջող հումոր էր»՝ հավելելով, որ հրաժարական տալու մտադրություն չունի։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սվետլանա Ավետիսյանն էլ նիստերի դահլիճ էր բերել պաստառ՝ «Այսօր Բաքվում գերության մեջ գտնվող Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է» գրությամբ։