Լեհաստանը Ռուսաստանի հարվածները Ուկրաինայի սահմանամերձ շրջաններին «էսկալացիա» է որակել

Ռուսական անօդաչուի հարվածը Վոլինի մարզում գտնվող բենզալցակայանին՝ լեհական սահմանի մոտակայքում

Լեհաստանի իշխանությունները «էսկալացիա» են անվանել Ռուսաստանի գիշերային հարվածները Ուկրաինայի արևմտյան շրջաններին՝ Լեհաստանի սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի սահմանների մոտ ռուսական հարվածների ակտիվացումը մտահոգիչ է։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն էլ զգուշացրել է, որ առաջիկա շաբաթներին Ռուսաստանի գործողությունները կարող են ավելի ինտենսիվ դառնալ և չի բացառել, որ լարվածությունը կարող է անդրադառնալ նաև Լեհաստանի տարածքի վրա։

Ուկրաինայի Վոլինի մարզի Յագոդին բնակավայրում ռուսական անօդաչուի հարվածից վնասվել է Լեհաստանի սահմանից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող բենզալցակայան, հրդեհվել են երկու բեռնատարներ։

Հարվածից վնասվել է նաև Կիև-Վարշավա գնացքի լոկոմոտիվը։ Ուկրաինական երկաթուղային ընկերությունը չի բացառել, որ ռուսական անօդաչուի թիրախը կարող էր լինել դիվանագետներ տեղափոխող գնացքը, որը կայարանից մեկնել էր նախատեսվածից ավելի վաղ։ Դրանում եղել են նաև եվրոպացի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Ուղևորներից ոչ ոք չի տուժել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հաստատել է, որ հարվածներ է հասցրել Ուկրաինայի արևմուտքում գտնվող երկաթուղային ենթակառուցվածքներին՝ պնդելով, թե դրանք օգտագործվել են Եվրոպայից ռազմական բեռներ տեղափոխելու համար։