Ըստ Բաքվի՝ Փաշինյանի և Ալիևի վերջին հանդիպումն անցել է «շատ կառուցողական մթնոլորտում»

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումն անցել է շատ կառուցողական մթնոլորտում, այսօր Լեռնային Ղարաբաղ այցելած օտարերկրյա դիվանագիտներին հղած ուղերձում ասել է Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը վերջին անգամ հանդիպել են օգոստոսի 31-ին՝ Բիշքեկում: Երևանն ու Բաքուն նույնաբովանդակ հաղորդագրությամբ ընդգծել էին մեկ տարի առաջ ստորագրված վաշինգտոնյան հռչակագրի և նախաստորագրված խաղաղության պայմանագրի «պատմական նշանակությունը», սակայն որևէ հիշատակում չկար փաստաթղթի ստորագրման մասին, որի համար Ադրբեջանը նախապայման է դրել՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը:

«Երկու կողմերն էլ պայմանավորվել են սկսել երկկողմ փոխգործակցություն՝ նպատակ ունենալով առաջ մղել խաղաղության հետագա օրակարգը, ամրապնդել վստահությունը երկու երկրների միջև, ինչպես նաև զարգացնել առևտրային կապերը, այդ թվում՝ տրանսպորտային փոխկապակցվածությունն ու հաղորդակցությունները երկու երկրների միջև և ավելի լայն տարածաշրջանում»,- Փաշինյան-Ալիև հանդիպման մասին ասել է Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, թե «արդեն սովորել են ապրել խաղաղության պայմաններում և առաջ են շարժվում այդ ուղղությամբ»:

Օտարերկրյա դիվանագետները երկօրյա այցով են մեկնել Լեռնային Ղարաբաղ, նրանց ուղեկցում է Հիքմեթ Հաջիևը:

Ըստ ադրբեջանական կողմի՝ դիվանագետներին ներկայացնելու են Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտի և Քելբաջարի շրջաններում իրականացվող շինարարական ու ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների ներկայիս վիճակն ու դրանց պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքները։

Չնայած անկախ հետազոտողներն արդեն մի քանի անգամ փաստագրել են Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, ուղերձում Հաջիևը հայտարարել է, թե «Ղարաբաղում և Ադրբեջանի այլ տարածքներում ողջ մշակութային ժառանգությունը պաշտպանվում է երկրի օրենսդրությամբ»։