Ֆլորա Վարդանյանը դպրոցահասակ երկու երեխա ունի և ասում է՝ եթե ինքն ու ամուսինը երեխաների դասերով չզբաղվեին, նրանք, ամենայն հավանականությամբ, նույն արդյունքը կունենային, ինչ իր մոտ ֆիզիկա պարապող աշակերտները։
«Առաջ, երբ երեխայի հետ պարապելուց առաջ հարցնում էի՝ նա կամ նրա ծնողը գիտե՞ն մաթեմատիկա, որպեսզի կարողանանք սկսել ֆիզիկա պարապել, հիմա երկրորդ հարցն էլ է առաջ եկել՝ արդյո՞ք երեխան կարողանում է հայերեն կարդացածը հասկանալ։ Ֆիզիկան պիտի սովորեցնես, երեխան պիտի կարողանա գրել ֆիզիկայի խնդիրը։ Բայց դրանից առաջ պետք է կարդացածը հասկանա, հետո նոր անցնենք խնդրի ձևակերպմանը։ Իսկ հայերեն կարդացած տեքստը, խնդրի պայմանը, ձևակերպումը չի հասկանում»,- պատմում է Վարդանյանը:
Հայաստանի 15-ամյա աշակերտները մաթեմատիկայի, բնագիտության և ընթերցանության ոլորտներում լուրջ խնդիրներ ունեն։ Այս մասին է վկայում PISA-ի՝ Սովորողների միջազգային գնահատման ծրագրի հետազոտությունը, որին Հայաստանը նախորդ տարի առաջին անգամ է մասնակցել։ Մոտ 295 դպրոցից շուրջ 7000 աշակերտի մասնակցությամբ անցկացված թեստը գնահատել է երեք ուղղություն՝ մաթեմատիկա, ընթերցանություն և բնագիտություն։
Մաթեմատիկայում ամենաբարձր մակարդակին հասել է աշակերտների ընդամենը 1 տոկոսը։ Բնագիտության ոլորտում լավագույն արդյունք գրանցած աշակերտներ գրեթե չեն եղել։
Ընթերցանության դեպքում ևս ամենաբարձր մակարդակին հասած աշակերտների թիվը գրեթե զրոյական է։ Նրանք չեն կարողացել լիարժեք հասկանալ երկար ու բարդ տեքստերը, վերլուծել տեղեկությունը և տարբերել փաստը կարծիքից։
Կրթության նախարարի բացատրությունը
Կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը «Շանթի» եթերում մտահոգիչ է համարել արդյունքները, բայց միաժամանակ ասել է՝ դրանք որոշ չափով սպասելի էին։ Նրա խոսքով՝ ստուգատեսին մասնակցած աշակերտների 88 տոկոսը հիմնականում 10-րդ դասարանցիներ են եղել, որոնք ընդամենը վեց ամիս են հասցրել սովորել կրթության նոր չափորոշիչներով։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան
«Մեր նոր չափորոշիչի ամենահիմնական բովանդակությունն այն էր, որ գիտելիքի շեշտադրումից մենք անցում արեցինք կարողունակության շեշտադրմանը՝ ոչ միայն գիտելիք տալու, այլ նաև սովորեցնելու այդ գիտելիքը տարբեր իրավիճակներում կիրառելու հմտություններ»,- ասել է նախարարը։
Անդրեասյանի խոսքով՝ PISA-ի արդյունքները ցույց են տվել, որ հին չափորոշիչներով սովորած երեխաները բավարար չափով չեն սովորել գիտելիքը կյանքում կիրառել։ Ըստ նրա՝ հենց այդ խնդիրներն են պատճառներից մեկը, որ կառավարությունը սկսել է փոխել կրթության չափորոշիչները:
Բացի նոր դպրոցների կառուցումից և վերանորոգումից՝ կրթության նախարարության տվյալներով, այժմ դպրոցների 86 տոկոսն ունի բնագիտական լաբորատորիա։ Անդրեասյանի խոսքով՝ նպատակ կա այդ ցուցանիշը հասցնել 100 տոկոսի, որպեսզի երեխան կարողանա գրքում սովորածը նաև լաբորատորիայում փորձարկել։
Անդրեասյանը կարծում է, որ նոր չափորոշիչները, վերապատրաստված ուսուցիչները, լաբորատորիաները և կրթական մյուս փոփոխությունները պետք է օգնեն արձանագրված խնդիրների լուծմանը։
Նա նաև կարևորում է նախագծային ուսուցումը, որի շրջանակում աշակերտը միայնակ կամ խմբով ընտրում է որևէ խնդիր, ինքնուրույն ուսումնասիրում այն, կիրառում իր գիտելիքները, ստանում արդյունքներ և եզրակացություններ ներկայացնում։
«Այն երեխաները, որոնք նախագծային ուսուցման փորձառություն ունեն, չեն կարող ձախողել PISA-ի թեստը»,- ասել է նախարարը։
Անդրեասյանը հույս ունի, որ 2029 թվականին՝ PISA-ի հաջորդ շրջափուլի արդյունքներով, արդեն հնարավոր կլինի տեսնել նոր չափորոշիչների ազդեցությունը։
Փորձագետ. միայն չափորոշիչներով արդյունքը պայմանավորել չի կարելի
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյան
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նախարարի բացատրությունը մասնակի ճշմարտություն է համարում։ Նրա խոսքով՝ հանրակրթության համակարգի արդյունքները միայն չափորոշիչներով չեն պայմանավորվում։
Ըստ փորձագետի՝ նման թեստերի արդյունքների վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ դպրոցների կառավարումը, կրթության պետական կառավարումը, ուսուցիչների պատրաստվածությունն ու վերապատրաստումը, վերապատրաստողների որակը, դասավանդման մեթոդները և դպրոցների նյութատեխնիկական պայմանները։
«Մի գործոնով չի կարելի պայմանավորել։ Գրեթե բոլոր ոլորտներում խնդիրներ կան։ Այս ստուգատեսում ընթերցանության ցածր արդյունքն է հատկապես մտահոգել ինձ»,- ասում է Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ նույնիսկ եթե աշակերտների մի մասը սովորել է հին չափորոշիչներով, դա ինքնին չի նշանակում, որ PISA-ի ցածր արդյունքների պատճառը հենց չափորոշիչներն են։
«Նույն ազգային գնահատման համակարգի, ընթացիկ գնահատումների միջոցով մենք կարող էինք համակարգը պատրաստել PISA-ի ստուգատեսին։ PISA-ի խնդիրները գաղտնիք չեն։ Կարելի էր նախորդ տարիների խնդիրներն ուսումնասիրել, դրանց հիման վրա կազմել նմանատիպ առաջադրանքներ, երեխաներին հնարավորություն տալ աշխատել դրանց վրա և ուսուցիչներին վերապատրաստել»,- ընդգծում է Խաչատրյանը։
Փորձագետը նաև չի կարծում, որ հին և նոր չափորոշիչների միջև այնքան արմատական տարբերություն կա, որ PISA-ի արդյունքները միայն դրանով հնարավոր լինի բացատրել. - «Եթե երեխան չի հասկանում կարդացածը, ձախողվում են բոլոր առարկաները»
Խաչատրյանին ամենաշատը մտահոգել է ընթերցանության ցածր մակարդակը. - «Եթե տեքստը չես հասկանում, ձախողվում են բոլոր առարկաները։ Եթե բնագիտությունից թույլ ես, միայն բնագիտական ոլորտն է տուժում։ Բայց եթե ընթերցանության խնդիր ունես, ամբողջ կրթությունն է տուժում»:
Փորձագետի կարծիքով՝ դպրոցում աշակերտներն ու ուսուցիչները հաճախ նույն լեզվով չեն խոսում, իսկ հայերեն ուսումնական տեքստերը երեխաների համար կարող են բարդ և անհասկանալի լինել։
«Մեր լավագույն աշակերտները ավելի լավ տիրապետում են ռուսերենին և անգլերենին, քան հայոց լեզվին։ Գուցե խնդիրը նաև այն է, որ մեր հայալեզու տեքստերը լավը չեն։ Եթե ծնողը կարդում է ու չի հասկանում, ինքն ինչպե՞ս պետք է երեխային բացատրի, կամ երեխան ինչպե՞ս պետք է սովորի»,- տարակուսում է Խաչատրյանը։
Նա օրինակ է բերում 4-րդ դասարանի աշակերտների գնահատման արդյունքները, ըստ որոնց՝ նրանք ավելի ուժեղ են մտածելու և գիտելիքը կիրառելու, քան պարզապես գիտելիքը վերարտադրելու հարցերում։
Ծնողների փորձառությունը
Արփի Ոսկանյանի 10-րդ դասարանցի որդին ուսման նկատմամբ հետաքրքրությունը հատկապես հեռավար ուսուցման շրջանում է սկսել վերականգնել։ Ծնողն ասում է՝ ընտանիքը պայքարել ու շարունակում է պայքարել, որպեսզի երկու լեզվով բարդ գրքեր կարդացող որդին սիրի սովորելը։
«Դպրոցը ոչ մի կերպ չի դառնում այն տեղը, որտեղ երեխան հասկանում է, որ հաճելի վայր է, որտեղ ինքը պետք է ինչ-որ բան ստանա։ Իմ տղան, օրինակ, գնում է դպրոց, ասում է՝ հարմարվել եմ, սպասում եմ ուղղակի, թե երբ եմ ավարտելու»,- պատմում է նա։
PISA-ի հետազոտությանը մասնակցել է 90 երկիր։ Մասնագետները նշում են, որ արդյունքները ցույց են տալիս՝ խնդիրներ կան ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում։
Իրինա Արևերտիի 14-ամյա երեխան սովորում է Շվեդիայի հանրակրթական դպրոցներից մեկում։ Նրա խոսքով՝ PISA-ի արդյունքները Շվեդիայում ևս լուրջ քննարկվում են, և այդ երկրի ցուցանիշներն էլ են մտահոգիչ։ Սակայն, նրա դիտարկմամբ, սովորածը գործնականում կիրառելու առումով շվեդական դպրոցները շատ առաջ են:
«Մարմնամարզության ժամանակ, օրինակ, երեխաներին տանում են լիճ լողալու և սովորեցնում՝ ինչպես պետք է վարվել, եթե ինչ-որ մեկը փրկելու կարիք ունենա։ Այսինքն՝ շատ պրակտիկ են մոտենում բոլոր առարկաներին»,- ասում է Արևերտին:
Շվեդական դպրոցներում երեխաները նաև սովորում են առօրյա հմտություններ՝ օրինակ՝ կարել և ճաշ պատրաստել. - «Մի մեծ դահլիճ կա, որտեղ մոտ 20 փոքր խոհանոց է սարքված, և երեխաները այնտեղ սովորում են ճաշ պատրաստել։ Այսինքն՝ իրենց գիտելիքները շատ պրակտիկ են դարձնում»:
PISA-ի տվյալներով՝ Հայաստանը ցուցանիշներով զիջում է ցանկում ընդգրկված տարածաշրջանային բոլոր երկրներին՝ Ադրբեջանին, Թուրքիային և Վրաստանին։
Առաջատար դիրքերում են Արևելյան Ասիայի երկրները։ Ընթերցանության, մաթեմատիկայի և բնագիտության ցուցանիշներով լավագույն տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան և Էստոնիան։