Հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանում

Հայաստանցի 15 տարեկանները գրագիտության լուրջ խնդիր ունեն մաթեմատիկայից, բնագիտությունից ու ընթերցանությունից, փաստում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) վերջին հետազոտությունը:

Ըստ այդմ, հայաստանցի աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, գրեթե ոչ մի սովորող չի ունեցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում, և գրեթե ոչ մի աշակերտ չի ստացել ընթերցանության մեջ 5 կամ ավելի բարձր աստիճան: Այս ցուցանիշներով Հայաստանը վերջին հորիզոնականում է տարածաշրջանում՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային։

OECD-ի վերջին հետազոտությանը մասնակցել է 91 երկրի 760,000 15-ամյա աշակերտ․ մասնագետները եզրակացրել են՝ ողջ աշխարհում վիճակը առանձնապես լավ չէ:

OECD-ի թեստը համարվում է կրթական առաջադիմության աշխարհի առաջատար չափանիշներից մեկը, և դրա արդյունքները մանրամասն ուսումնասիրվում են կառավարությունների և կրթության ոլորտի մասնագետների կողմից։

Հայաստանը անցած տարի է առաջին անգամ մասնակցել Սովորողների միջազգային գնահատման այդ ծրագրին (PISA):

Ըստ այս ուսումնասիրության՝ կրթական առաջադիմության տեսանկյունից աշխարհում առաջատարը Արևելյան Ասիայի երկրներն են՝ թեստին մասնակցած չինական քաղաքները, Ճապոնիան, Հարավային Կորեան, Սինգապուրը և Թայվանը։

Լավագույն տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան և Էստոնիան՝ ընթերցանության, մաթեմատիկայի և բնագիտության ցուցանիշներով։

Միջինից ցածր միավորներ ստացած հայ աշակերտները

Հայ աշակերտները մաթեմատիկայից, ընթերցանությունից և բնագիտական թեստերից ստացել են մասնակից 91 երկրի գրանցած միջինից ցածր միավորներ: Հայաստանն իր ցուցանիշներով զիջում է ցանկում ընդգրկված տարածաշրջանային բոլոր երկրներին՝ Ադրբեջանին, Թուրքիային, Վրաստանին:

Հայաստանը զիջում է նաև Ուզբեկստանին, Մոլդովային, Ռումինիային, Ղազախստանին, իսկ հետսովետական երկրներից առաջ է միայն Ղրղզստանից:

Հայաստանում աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից: Գրեթե ոչ մի սովորող չի ունեցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում, և գրեթե ոչ մի աշակերտ ընթերցանության մեջ ցույց չի տվել գիտելիքներ, որոնք վկայում են, որ նա կարող է հասկանալ երկար տեքստեր, գործ ունենալ վերացական կամ հակասական հասկացությունների հետ և տարբերակել փաստը կարծիքից:

Այս թեստում բազայինից բարձր գնահատականներ ստացած հայ աշակերտները մասնակից երկրների միջինից ավելի քան 2 անգամ վատ ցուցանիշ ունեն:

Բնագիտական առարկաներում հայ աշակերտները միջինում 28%-անոց ցուցանիշ են գրանցել, այն դեպքում,երբ OECD-ի միջինը 74% է: Մաթեմատիկայում ևս 28%-անոց ցուցանիշ է, աշխարհի միջինը՝ 65%-ն է:

Ամենացածրը ընթերցանության տվյալներն են. բազայինից բարձր գնահատական ստացած հայ աշակերտները 19%-անոց արդյունք ունեն, OECD-ի միջինն, այնինչ, 67%-ն է: Լավագույն ցուցանիշներն այստեղ Չինաստանն ունի՝ 93-97%:

Ֆունցիոնալ անգրագիտությունը՝ ազգային անվտանգության խնդիր

Դեռ 2020-ից Հայաստանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով հայտարարում էր ֆունկցիոնալ անգրագիտության մասին: 2022-ին վարչապետ Փաշինյանը սա ազգային անվտանգության խնդիր էր համարել:

Your browser doesn’t support HTML5

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երեխաների ֆունկցիոնալ անգրագիտության մասին, 2022 թ.

Վարչապետն այդ ժամանակ նաև հանրակրթության ոլորտում մասշտաբային և խորը բարեփոխումների անհրաժեշտությունից խոսեց՝ հանուն կրթության, ուսուցչի ու աշակերտի:

Դատելով հեղինակավոր թեսթի արդյունքներից՝ Փաշինյանի կառավարության ռազմավարությունը դեռ էական արդյունքներ չի տվել:

Մասնագետների հետ զրույցում հայաստանցի աշակերտների 15%-ը 2025-ին պնդել է՝ համաձայն է կամ լիովին համաձայն է, որ դպրոցը ժամանակի վատնում է:

Միաժամանակ պարզվել է՝ այն աշակերտները, որոնք ավելի բարձր են գնահատում դպրոցի կարևորությունը և համաձայն չեն, որ դպրոցը ժամանակի վատնում է, բնագիտությունից 13 միավորով ավելի բարձր արդյունք են գրանցում, քան նրանք, որոնք դպրոցում անցկացրած ժամանակն իզուր են համարում:

Հայաստանցի աշակերտներն ասել են, որ օրական միջինում 2.2 ժամ կիրառում են բջջային սարք կամ համակարգիչ դպրոցում՝ ուսումնառության համար (OECD-ի միջինը՝ 1.7 ժամ), բացի այդ, հեռախոս, համակարգիչ կամ պլանշետ դպրոցում օգտագործում են ժամանցի համար՝ միջինում օրական 1.4 ժամ:

Այնինչ, 2025-ին Հայաստանում աշակերտների 34%-ը սովորում էր այնպիսի դպրոցներում, որտեղ բջջայիների կիրառումն արգելված էր, փաստում է զեկույցը։

Հայաստանում աշակերտների 49%-ը նաև հայտնել է, որ առնվազն շաբաթը մեկ անգամ օգտագործում է արհեստական բանականության չաթբոթեր (OECD-ի միջինը՝ 46%)։ Աշակերտների միայն 10%-ն է նշել, որ երբեք կամ գրեթե երբեք չի օգտագործում արհեստական բանականության չաթբոթեր (OECD-ի միջինը՝ 14%)։

Զեկույցի հեղինակները պնդում են՝ նոր տեխնոլոգիաները կարող են օգտագործվել ուսուցումը բարելավելու համար, սակայն՝ որոշակի սահմանափակումներով։

Օրական ավելի քան հինգ ժամ թվային սարքեր օգտագործելու դեպքում, ըստ հետազոտության, աշակերտների առաջադիմությունը սկսում է նվազել։

Գրագիտության առումով մտահոգիչ ցուցանիշներ են նաև աշխարհի մակարդակով. դեռահասները ոչ միայն քիչ են կարդում, այլ նաև նշաձողն իջած է բնագիտական ու մաթեմատիկական առարկաներից: Նվազել է նաև «գերազանցիկների» թիվը․ մաթեմատիկայի գծով, օրինակ, գերազանց արդյունքների է հասել մասնակիցների 5%-ը, 2015-ի 11%-ի համեմատությամբ: