Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Իրանի մնացած բոլոր գործող ավիաընկերությունների նկատմամբ՝ կտրուկ ավելացնելով ճնշումը իրանական ավիացիոն ոլորտի վրա, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 8-ին պատժամիջոցներ է սահմանել 36 թիրախների նկատմամբ, այդ թվում՝ 27 իրանական ավիաընկերության, ինչպես նաև օտարերկրյա ընկերությունների և մեկ անձի նկատմամբ, որը մեղադրվում է Իրանի պատժամիջոցների տակ գտնվող ավիացիոն ցանցերին ինքնաթիռներ, ինքնաթիռների մասեր և այլ տեխնոլոգիաներ ձեռք բերելու գործում օգնելու համար։
Թեհրանի նկատմամբ օգոստոսի 24-ին «տնտեսական պատերազմ» հայտարարելուց հետո սա առաջին դեպքն է, երբ Վաշինգտոնը նոր որոշում է կիրառում Իրանի ավիացիոն ոլորտի դեմ՝ երկրի մնացած ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ոլորտն Իրանի կառավարության կողմից օգտագործվում է զենքի, անձնակազմի և անօրինական բեռների տեղափոխման համար։
«Թող սա նախազգուշացում լինի Իրանի մնացած ավիաընկերությունների հետ գործարքներ կնքող յուրաքանչյուրի համար, որոնց նկատմամբ մենք այսօր պատժամիջոցներ կիրառեցինք. դուք համաշխարհային ֆինանսական համակարգից կտրվելու վտանգի տակ եք», - դիմելով Իրանի ղեկավարությանը՝ ասել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոթն էլ հայտարարել է, որ ԱՄՆ չի հրաժարվի իր արշավից՝ «ուղղված իրանական ռեժիմի ֆինանսական ուղիները, այդ թվում՝ ավիացիոն ոլորտը, փակելուն»։
Պատժամիջոցների տակ հայտնված ավիաուղիներն են՝ Iran Aseman Airlines-ը, Iran Airtour-ը, Kish Airlines-ը, Qeshm Air-ը, Karun Airlines-ը, Sepehran Airlines-ը, և մի շարք այլ ավիաուղիներ:
Պատժամիջոցների մասին հայտնի դառնալուց ժամեր անց ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել: ԱՄՆ-ն հայտարարել է, որ իրանական 5 լցանավ է ոչնչացրել, Իրանն էլ հայտարարել է՝ Հորմուզում 10 նավի է հարվածել, 2-ը՝ ամերիկյան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանը զգուշացնում է՝ ԱՄՆ պատժամիջոցներին միացող երկրները մասնակից կլինեն «պետական ահաբեկչության»Իրանը կվերադառնա դիվանագիտությանը, եթե ԱՄՆ-ն ընդունի, որ ճնշումն արդյունք չի տալիս. Արաղչի Թրամփ․ ԱՄՆ-ն Իրանի հետ չի բանակցում՝ կենտրոնանալով տնտեսական պատժամիջոցների վրաԱՄՆ-ն «տնտեսական գրոհ» է սկսում Իրանի դեմ՝ երրորդ երկրներից պահանջելով կտրել Թեհրանին կենսական աջակցություն ապահովող ուղիներըԹրամփ. «Իրանն ամբողջովին փլուզվում է»