Ուկրաինան հարվածել է Նովոռոսիյսկին, այդ թվում՝ ռազմանավերի, կա 4 զոհ, 29 վիրավոր

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքը գիշերը ուկրաինական անօդաչուների հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով սպանվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ, հայտնել է նահանգապետ Վենիամին Կոնդրատևը՝ նշելով, որ զոհերից մեկը երեխա է։

«Վնասներ են գրանցվել երեք մասնավոր և հինգ բազմաբնակարան շենքերում, վնասվել է նաև մեկ ուղղափառ եկեղեցի և մանկապարտեզ», - պարզաբանել է պաշտոնյան։

Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին հայտնել է, որ Նովոռոսիյսկում գտնվող ռազմածովային բազայում գիշերը հարվածել են նաև ռազմական նավերի: Բրովդին նշել է, որ բազայում հարձակյման ենթարկված նավերի թվում են նաև հրթիռակիրներ, սակայն չի նշել, թե քանի նավ է հարձակման ենթարկվել, հաղորդում է Reuters-ը:

ASTRA-ի՝ բաց աղբյուրների ուսումնասիրության համաձայն՝ հարվածներից հետո նաև հրդեհ է բռնկվել մազութի տերմինալում։ Հրդեհ է գրանցվել նաև քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում։

Նովոռոսիյսկը Ռուսաստանի խոշորագույն նավահանգիստներից և արտաքին առևտրի առանցքային հանգույցներից է։ Օգոստոսին քաղաքի ուղղությամբ հարվածների ակտիվացումը խափանումներ էր առաջացրել նավթի և հացահատիկի բեռնափոխադրումներում։ Նովոռոսիյսկով է արտահանվում ռուսական հացահատիկի մինչև մեկ երրորդը, նավահանգստով են միջազգային շուկաներ մատակարարվում նաև նավթ, մետաղներ և այլ բեռներ։