Փաշինյանը մեկնել է Փարիզ․ կհանդիպի Մակրոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Փարիզում նա կմասնակցի սեպտեմբերի 9-10-ը անցկացվող Միջազգային տիեզերական գագաթնաժողովին, որին մասնակցում են շուրջ 120 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ պետությունների ու կառավարությունների ղեկավարներ։

Դատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութից՝ նա Փարիզ է մեկնել սովորական ուղևորատար չվերթով։ Ֆրանսիա մեկնելու ճանապարհին Փաշինյանը հայտնել է, որ այցի ընթացքում հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։

Փարիզում անցկացվող առաջին Միջազգային տիեզերական գագաթնաժողովը նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահը։ Քննարկումների առանցքում տիեզերական անվտանգությունը, տնտեսությունը, ոլորտի կարգավորումն ու նոր տեխնոլոգիաներն են։

Reuters-ի փոխանցմամբ՝ գագաթնաժողովը բոյկոտել են ամերիկյան տեխնոլոգիական հսկաները, այդ թվում՝ Իլոն Մասկի SpaceX-ը և Ջեֆ Բեզոսի Blue Origin-ը: Չեն մասնակցում նաև մի շարք եվրոպական երկրների առաջնորդներ, օրինակ, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Իտալիայի վարչապետ Ջեորջիա Մելոնին:

Ֆրանսիան առաջ է մղում տիեզերքում Եվրոպայի ինքնավարության մեծացման գաղափարը մինչդեռ Գերմանիան ավելի քիչ է հակված «դռները փակել» ամերիկյան SpaceX-ի առջև:

Փարիզն ու Բեռլինը նաև տարբերվող մոտեցումներ ունեն Իլոն Մասկի Starlink-ի ազդեցությանը հակազդելու հարցում: