Քննչական կոմիտեն դարձյալ հստակեցրել է 44-օրյա պատերազմի զոհերի թիվը

Եռաբլուր զինվորական պանթեոնը, արխիվ

Քննչական կոմիտեն այսօր դարձյալ տվյալներ է հրապարակել 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհերի թվի մասին:

Ըստ այդմ՝ զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք: Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։

Քննչական կոմիտեի այս պարզաբանումը հետևում է օրերս Հայաստանի նախագահի հրապարակային ելույթին: Վահագն Խաչատուրյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ասել էր, թե պատերազմում հայկական կողմը 4800 զոհ է ունեցել:

Պատերազմից վեց տարի անց էլ այս հարցը շարունակում է քննարկման առարկա մնալ Հայաստանում, քանի որ տարբեր պաշտոնյաներ տարբեր տարիների տարբեր թվեր են հնչեցրել՝ 3755-ից մինչև 4000 և ավելի:

Ընդդիմությունն իր հերթին մեղադրում է իշխանությանը՝ «5000 զոհի մահվան պատճառ դառնալու համար», իշխանությունը հակադարձում է, որ ընդդիմադիրները դիտավորյալ են մեծացնում զոհերի թիվը:

Հայաստանյան իրավապաշտպանները համարում են, որ հարցը կփակվի, եթե հրապարակվի ամբողջական ցուցակ՝ անուն-ազգանուններով: Վարչապետ Փաշինյանը մինչդեռ հավաստիացնում է, որ տվյալները չեն թաքցնում, զոհերի անունները Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում են։ Այս կայքում, սակայն, ամբողջական ցանկ լինել չի կարող, որովհետև այդտեղ հատուցում ստացածների տվյալներն են, իսկ քաղաքացիական զոհերը կամ, օրինակ, մանկատան սաները, որ չունեն հատուցվող հարազատներ, այս ցանկում չկան։