Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կմ ցանկապատ է կառուցել

Ռուս-ֆիննլանդական սահման, արխիվ

Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունն ավարտել է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի երկայնքով 200 կիլոմետրանոց արգելապատնեշի կառուցումը: Շինարարությունը տևել է 3,5 տարի և արժեցել է 356 միլիոն եվրո: Պահպանման ծախսերը տարեկան կավելացնեն ևս 1.5 միլիոն եվրո, հայտնում է «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» նախագիծը:

Ֆինլանդական Yle մեդիա կորպորացիայի տվյալներով՝ սահմանային արգելապատնեշը բաղկացած է մետաղական ցանցից, որն անցնում է ճանապարհի եզրով, ունի խորը առու և տեխնիկական հսկողության համակարգ, որը ներառում է տեսախցիկներ, լուսարձակներ և բարձրախոսներ։ Այն անցնում է ֆինլանդական 17 համայնքներով։

Շինարարությունն արվել է մոտ 1000 սեփականատիրոջ մասնավոր հողերի վրա։ Պետությունը նրանց վճարել է մոտ 3 միլիոն եվրոյի չափ փոխհատուցում։ Ընդորում, սեփականատերերը կարող են նախկինի պես շարունակել տեղաշարժվել իրենց տարածքներով, սակայն սահմանապահ ծառայությունն այժմ իրավունք ունի օգտագործել պետական սահմանից 25 մետր հեռավորության վրա գտնվող հողը։

Սահմանային կառույցների հիմնական նպատակը երկիր անօրինական ներգաղթի կանխումն է: Պաշտպանիչ ցանկապատ կառուցելու որոշումը Ֆինլանդիայի խորհրդարանը հաստատել է 2022 թվականի վերջին, երբ Արևելյան և Աֆրիկյան երկրներից միգրանտներն ավելի ու ավելի հաճախ էին Ռուսաստանի տարածքով մուտք գործում Ֆինլանդիա: 2023 թվականին Ֆինլանդիան փակել է Ռուսաստանի հետ սահմանին բոլոր անցակետերը:

Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը սեպտեմբերի 7-ին պատնեշի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ պատնեշի կառուցումը կարող է շարունակվել: Նա նաև նշել է, որ մոտ ապագայում Ռուսաստանի հետ սահմանային անցակետերը բացելու ծրագրեր չկան:

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ մոտ 1,340 կմ սահման ունի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը ժամանակավորապես փակել է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի սահմաններին գտնվող երկաթուղային անցակետերըՖինլանդիան միացել է Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության հարցով Հատուկ տրիբունալ ստեղծելու համաձայնագրինՖինլանդիան հայտնում է ԱԹՍ-ներով իր տարածքի ենթադրյալ խախտման մասին