Եվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայում գործող մանկական ճամբարի նկատմամբ, ուր, ըստ ԵՄ փաստաթղթի, Ռուսաստանը տեղափոխում է Ուկրաինայի օկուպացված տարածքներից տարված երեխաներին։ Փաստաթղթին ծանոթացել է «Ազատություն» ռադիոկայանը։
Խոսքը Հյուսիսային Կորեայի արևելքում գտնվող «Սոնդովոն» միջազգային մանկական ճամբարի մասին է։ ԵՄ փաստաթղթի համաձայն՝ այն մասնակցում է Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներից երեխաներին Հյուսիսային Կորեա տեղափոխելու կազմակերպված ծրագրերին։
Փաստաթղթում նշվում է, որ պաշտոնապես ծրագիրը ներկայացվում է որպես մշակութային փոխանակում, սակայն երեխաներին այնտեղ ռուսամետ քարոզչություն է ներկայացվում։ ԵՄ-ն պնդում է, որ ճամբարը ներգրավված է ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման, գաղափարական ազդեցության և ռազմականացման գործընթացում՝ Ռուսաստանի հետ համակարգմամբ։
«Սոնդովոն» ճամբարի նկատմամբ Մեծ Բրիտանիան արդեն մայիսին պատժամիջոցներ էր սահմանել՝ այն կապելով ուկրաինացի երեխաների հարկադիր տեղափոխման և վերադաստիարակման ռուսական ծրագրի հետ։ Դրանից հետո Փհենյանը հետ էր կանչել Լոնդոնում իր դեսպանին և իջեցրել Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը։
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում հիմնականում ընդգրկված են Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմի և Դոնբասի պաշտոնյաներ։ Ցանկում են նաև Ռուսաստանում և Ուկրաինայի օկուպացված տարածքներում գործող այլ մանկական ճամբարներ, որտեղ, ըստ ԵՄ-ի, երեխաներին ներգրավում են ռուսական ազգային ինքնության և ռազմական-հայրենասիրական գաղափարախոսության տարածման ծրագրերում։