ԱՄՆ նախագահն իր Truth Social սոցցանի էջում տարածել է Washington Еxaminer-ում Մերձավոր Արևելքի հարցերով իր բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հոդվածը, որում վերջինս անդրադառնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Դոնալդ Թրամփի ունեցած դերին:
Ուիթքոֆը, որ համարվում է Սյունիքով Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջևանի հետ կապող «Թրամփի ուղու» ճարտարապետներից մեկը, գրում է, որ դիվանագետների սերունդներ Ադրբեջանի և Հայաստանի միջև տասնամյակներ տևած դաժան հակամարտությունը համարում էին անլուծելի։ Սակայն այս միտումն ավարտվեց, երբ նախագահ Թրամփը երկրորդ անգամ վերադարձավ Սպիտակ տուն և «հենց նրա համարձակ առաջնորդության շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրեցին Խաղաղության համաձայնագիրը՝ վերջ դնելով ավելի քան 35 տարվա արյունահեղությանը»:
Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը համարվում է «Թրամփի ուղու» ճարտարապետներից մեկը
Ամերիկացի պաշտոնյան նշում է, որ Թրամփի արտաքին քաղաքականության դոկտրինը եզակի է նրանով, որ նա պատրաստ է երկխոսել ցանկացած մարդու հետ, որպեսզի առաջ մղի ամերիկյան շահերը, այդ թվում՝ աշխարհում տասնամյակներ շարունակվող հակամարտությունները խաղաղ կարգավորման համար:
Ինչպիսին են Փաշինյանն ու Ալիևը՝ ըստ Ուիթքոֆի
Ուիթքոֆը նշում է, որ 2025-ի մարտին Բաքու կատարած առաջին այցի ժամանակ պարզ դարձավ, որ ԱՄՆ-ի հարաբերություններն Ադրբեջանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ չեն ստացել այն ուշադրությունը, որին արժանի են։ Նա նշում է, որ Ադրբեջանի նախագահը «ուժեղ, վճռական» առաջնորդ է, որը պատրաստ է կայացնել խաղաղության համար անհրաժեշտ դժվար որոշումներ և հասկանում է ինչպես իր պետության շահերը, այնպես էլ տարածաշրջանային կայունության կարևորությունը։ «Այդ այցը համոզեց մեր թիմին, որ ճիշտ մոտեցման դեպքում առաջընթացը հնարավոր է»,- գրում է ամերիկացի պաշտոնյան։
Խոսելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին՝ Ուիթքոֆը նրան նկարագրում է որպես «պրագմատիկ և խիզախ առաջնորդ», որը կարող է որոշումներ կայացնել իր ժողովրդի շահերից ելնելով, նույնիսկ այն դեպքում, երբ գիտի, որ ժողովուրդը սկզբում այդքան էլ լավ չի ընդունի այդ որոշումը:
Հաջորդող հինգ ամիսների ինտենսիվ հանդիպումները թե՛ Բաքվում, և՛ Երևանում, ըստ նրա, բացահայտեցին մեկ հիմնական ճշմարտություն. հակամարտությունը պետք է դիտարկվեր այլ տեսանկյունից:
«Գործնական խնդիրները, մասնավորապես՝ Ադրբեջանի՝ Նախիջևանի էքսկլավ անարգել մուտք գործելու անհրաժեշտությունը, երկար ժամանակ համարվում էին զրոյական ելքով տարածքային վեճեր։ Անհրաժեշտ էր ոչ թե հնացած բանաձևերի ևս մեկ կրկնություն, այլ թարմ մտածողություն, ստեղծագործական լուծումներ և, ամենից առաջ, առաջնորդություն»,- գրում է ԱՄՆ նախագահի բանագնացը։
Այս հանդիպումների արդյունքը դարձավ TRIPP-ի հայեցակարգը, որի շրջանակում Վաշինգտոնը համագործակցում է Երևանի հետ՝ Հայաստանով անարգել, բազմամոդալ տրանսպորտային ուղիներ ստեղծելու համար՝ միաժամանակ լիովին պահպանելով Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, գրում է նա։
«Թրամփը լուծեց մի խնդիր, որը տասնամյակներ շարունակ խճճել էր դիվանագետներին՝ կենտրոնանալով գործնական արդյունքների վրա, այլ ոչ թե պաշտոնական գործընթացի։ Այս մոտեցումը տվեց իր արդյունքը։ Երկու երկրների առաջնորդները ստորագրեցին երկու կարևորագույն փաստաթղթեր իրենց երկրների հարուստ պատմության մեջ»,- գրում է նա։
Առաջինը ձեռքբերումը, ըստ Ուիթքոֆի, խաղաղության համատեղ հռչակագիրն է, որը երկու երկրներին դրեց մշտական խաղաղության, տնտեսական համագործակցության և լիակատար կարգավորման ուղու վրա: Երկրորդը՝ երկու լիդերների կողմից Թրամփի առաջադրումն էր Նոբելյան խաղաղության մրցանակի՝ առաջին դեպքը, երբ նախկինում պատերազմող երկրների առաջնորդները համակարգում են իրենց ջանքերը՝ միջնորդին այս մրցանակին առաջադրելու համար:
«Այսօր TRIPP հայեցակարգը համաշխարհային ճանաչում է ստացել որպես անլուծելի վեճերը ստեղծագործականության, ուժի և փոխադարձ շահագրգռվածության միջոցով լուծելու մոդել»- գրում է ամերիկացի պաշտոնյան՝ նշելով, թե ակնկալում են, որ TRIPP նախագիծը կընդլայնվի Կասպից ծովից այն կողմ, և հայեցակարգը կզարգանա նաև Մերձավոր Արևելքում։
Սպիտակ տան ղեկավարի հատուկ բանագանցը նշում է, որ Հարավային Կովկասն այսօր ավելի անվտանգ է, բարգավաճ և կայուն, քանի որ «Թրամփը, Ալիևը և Փաշինյանը նախընտրեցին արդյունքները՝ հռետորաբանության փոխարեն»։