Թրամփի բանագնացներն առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա. Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին, Ուկրաինայի նախագահը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացներն առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա, իր երեկոյան ուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահը: Վլադիմիր Զելենսկի խոսքով՝ այցի նախնական ամսաթվերն արդեն հայտնի են, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը։

«Մենք հույս ունենք, որը հանդիպումը կլինի առաջիկա օրերին»,- ասել է Զելենսկին։ Նա այլ մանրամասներ չի հայտնել։ ԱՄՆ-ն և Ռուսաստանը դեռ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, Ռուսաստանին և Ուկրաինային կրկին կոչ էր արել «դադարեցնել այս հիմար պատերազմը»։ Թրամփը նշել էր, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ, բայց նման հանդիպումը նպատակահարմար է համարում միայն «երբ պատերազմն ավարտվի»։

«Ես ուզում եմ, որ մենք լավ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի, Ուկրաինայի, բոլորի հետ։ Դա հիանալի կլինի բիզնեսի համար», - ասել էր նա:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ օրերս Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Վաշինգտոնն «առաջիկա շաբաթներին» ջանքեր կգործադրի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունները վերսկսելու վերաբերյալ փոխըմբռնման հասնելու համար: Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ-ն հասկանում է, որ «երկու կողմերն էլ ունեն բավականին հստակ կարմիր գծեր», և Թրամփի վարչակազմի ջանքերը կուղղվեն «այդ կարմիր գծերը մերձեցնելուն»:

Անքորիջում Թրամփի և Պուտինի հանդիպումից հետո անցյալ տարվա վերջին և այս տարվա սկզբին ԱՄՆ-ի միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մի քանի փուլ է տեղի ունեցել, վերջինը՝ այս տարվա փետրվարին։ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողության մեկնարկից հետո այլևս հանդիպումներ չեն եղել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինայի բանակցային գործընթացն այս պահին դադարեցված է. ՊեսկովՍեպտեմբերին հնարավոր են Ուկրաինա-Ռուսաստան բանակցություններ՝ ԱՄՆ մասնակցությամբ. Բուդանով«Ուզում էիք գրավել ողջ Ուկրաինան, բայց կորցրիք մի ամբողջ սերունդ». Զելենսկին՝ Պուտինին Ինչո՞ւ էր ԱՄՆ ԿՀՎ տնօրենն այցելել Մոսկվա