«88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ

Նարեկ Նալբանդյանը

«Ազատության» հարցին ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից այսօր տեղեկացրին, որ «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ:

Թե որ հոդվածով է հարուցվել քրեական վարույթը և այժմ որ կառույցում է այն քննվում, Դատախազությունից տեղեկություն չտրամադրեցին, միայն ասացին, որ վարույթը նախաձեռնվել է այս տարվա փետրվարի 26-ին:

2018-ի հեղափոխությունից հետո լուրջ բիզնես առաջխաղացում ունեցած, և նախկիների «ապօրինի գույքերի» ձեռքբերմամբ հայտնի Նարեկ Նալաբանդյանի անունը վերջին շրջանում հաճախ էր կապվում վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Մամուլը գրում էր, թե մարզերում գործող խանութները խլվում են սեփականատերերի ձեռքից, որոնք հետագայում դառնում են «88» սուպերմարկետ, և որ դա տեղի է ունենում վարչապետի տիկնոջ համաձայանությամբ։

Ինքն՝ Աննա Հակոբյանն, անցած տարի հերքել էր այս տեղեկությունը՝ պնդելով, որ որևէ առնչություն չունի «88» սուպերմարկետների ցանցի հետ:

Աննա Հակոբյանը, դեռևս անցած տարի «88» սուպերմարկետների ցանցի՝ իր անվան հետ կապվող լուրերի վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն:

Դատախազությունն անցած տարի ընթացք էր տվել այդ հաղորդմանը, կատարվում էին ստուգողական գործողություններ:

Այսօր էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հանձնարարեց վարույթներ նախաձեռնել պարզելու համար, թե արդյոք նորահայատ մեծահարուստ գործարար Նարեկ Նալաբանդյանն է իրականում փորձում վարչապետի ընտանիքի անունը կապել իր բիզնեսների հետ: