Երևանն ու Մոսկվան հակասական հայտարարություններ են հնչեցնում երկաթուղու վերաբերյալ

Հայաստանի վարչապետն այսօր հայտարարեց, թե իր տպավորությամբ ռուսական կողմը համաձայնել է քննարկել հայկական երկաթուղու կոնցեսիան երրորդ երկրին վաճառելու հնարավորությունը:

«Մենք [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ] հանդիպման ընթացքում պայմանավորվել ենք, որ պետք է աշխատենք կոնցեսիայի իրավունքը որևէ երրորրդ, ընդունելի երկրի վաճառելու ուղղությամբ», - կառավարության նիստից հետո հայտարարեց Փաշինյանը: Նախօրեին Վլադիմիր Պուտինի հետ Բիշքեկում տեղի ունեցած հանդիպումից հետո Հայաստանի ղեկավարը պնդեց՝ ըմբռնում կա, որ երկաթուղու կոնցեսիայի հարցը պետք է լուծվի. - «Արձանագրել ենք, որ ընթացիկ իրավիճակը չի կարող երկար շարունակվել», - շեշտեց նա:

Հայկական կողմն տարեսկզբից Մոսկվային առաջարկում է երկաթուղու 30-ամյա ռուսական կոնցեսիան վաճառել բարեկամական երրորդ երկրի՝ պնդելով, որ Արևմուտքի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Ռուսաստանի կառավարման պատճառով Հայաստանը տարածաշրջանում կորցնում է մրցակցությունը: Փաշինյանն այդ մասին խոսեց նաև Պուտինի հետ վերջին հանդիպման բաց հատվածում՝ առաջարկելով քննարկել «Հայաստանում գործող ոչ շահութաբեր ռուսական ընկերությունների հարցը» ։ Թեև Փաշինյանն այս դեպքում կոնկրետ ընկերության անուն չէր տվել, հայտնի է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» ռուսական կառավարմանն անցնելու տարիներին հիմնականում վնասով է աշխատում:

Մոսկվան «կոնցեսիայից հրաժավելու պատճառ չի տեսնում»

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղու շահագործման իր կոնցեսիոն իրավունքը որևէ մեկին փոխանցելու համար, նախօրեին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ։

«Ռուսական երկաթուղիներ»-ը Հայաստանում գործում է համաձայնագրի պայմաններին համապատասխան և պատրաստ է մասնակցել երկրի ենթակառուցվածքների զարգացմանը», -ընդգծել է նա։

Փաշինյանի հետ հանդիպումից հետո Պուտինը հայտնել էր, որ իրենց հաջորդ քննարկմանը նաև երկաթգծի հարցը կքննարկվի: Ընդ որում՝ նա միայն ներդրումներից էր խոսել, կառավարումը այլ երկրի զիջելու առաջարկի մասին ոչ մի ակնարկ չէր արել:

«Նման ենթակառուցվածքներում ներդրումները կախված են բեռնափոխադրումների ծավալներից: Աստված տա՝ պատերազմական իրավիճակի ավարտից հետո ամեն ինչ այլ կերպ զարգանա, բացվի Թուրքիայի հետ սահմանը, մյուս ուղղությունները, և գուցե բեռնահոսք առաջանա։ Եթե առաջանա, այդ ներդրումները կարող է անել ցանկացած մեկը, Ռուսաստանն էլ կարող է անել», - ասել էր ՌԴ նախագահը:

Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, թե եթե Հայաստանը դադարեցնի իր դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագիրը, ապա պետք է վերադարձնի, բոլոր այն ներդրումները, որոնք ռուսական ընկերությունն արել է 2008 թվկականից մինչ այսօր:

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բելոզերովը կոնոկրետ գումար էր մատնանշել՝ շուրջ 400 միլիոն դոլար: