Իրանը զանգվածային հարձակում է գործել Ծոցի մի քանի երկրի վրա

Իրանը հայտարարել է, որ hրթիռներով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում է գործել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական թիրախների դեմ՝ խոստանալով «ծանր» հետևանքներ Իրանի վրա ամերիկյան նոր հարձակումների դեպքում։

Իրանի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Թեհրանը բալիստիկ հրթիռներով թիրախավորել է Հորդանանում գտնվող ամերիկյան օբյեկտները: Հորդանանը հայտնել է, որ իրանական 13 հրթիռ է ներխուժել իր օդային տարածք, որոնցից 10-ը խոցվել են, իսկ երեքը՝ ընկել հեռավոր վայրերում: Զոհերի մասին տեղեկություններ չկան:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ հարձակվել է նաև Քուվեյթի, Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ամերիկյան ռազմական թիրախների վրա: Կորպուսը պնդել է, որ Քուվեյթում ամերիկյան զորքերին հասցված հարվածի հետևանքով ամերիկյան կողմը մի քանի զոհ ունի: ԱՄՆ-ից դեռ չեն հաստատել սա:

Քուվեյթը հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանությունն արձագանքում է «թշնամական հրթիռներին և անօդաչու թռչող սարքերին», մինչդեռ Բահրեյնը հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանությունը որսացել և ոչնչացրել է իրանական անօդաչու թռչող սարքեր:

ԻՊՀԿ-ն հայտարարել է, որ թիրախավորել է նաև Իրաքի ինքնավար Քրդստանի շրջանում գտնվող ամերիկյան բազաները՝ պնդելով, որ ոչնչացրել է սպասարկման կենտրոն, պահեստներ և սարքավորումներ: Իրանի պետական IRNA լրատվական գործակալության այս պնդումը անկախ աղբյուրները չեն հաստատել:

Իրանի Խուզեստան նահանգում ԱՄՆ-ի հրթիռային հարձակումների հետևանքով յոթ մարդ է զոհվել, հայտնում է Irna լրատվական գործակալությունը՝ հղում անելով նահանգի անվտանգության հարցերով փոխնահանգապետին։ Հարվածների հետևանքով վիրավորվել է ևս ութ մարդ, հավելել է նա։

Իրանը հայտարարել է, որ Սիրիկ նավահանգստային քաղաքի մոտակայքում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, այդ թվում՝ հարսանեկան խնջույքի մասնակից երեխա։ Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարձակումների հետևանքով վիրավորվել է ևս 50 մարդ։

ԱՄՆ-Իրան լարվածության նորը փուլը սկսվեց, երբ ամերիկյան զինուժը օգոստոսի 30-ին հարվածեց իրանական թիրախներին, ինչից հետո Իրանը թիրախավորեց Հորդանանում և Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ամերիկյան ուժերին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը սպասում է ԱՄՆ-ի քայլերին, Թրամփը չի բացառում նոր ռազմական գործողություններըԻրանը չի ձգտում պատերազմել, բայց կարող է վճռական պատասխան տալ. ՓեզեշքիանՄեկ ամսվա դադարից հետո ԱՄՆ-Իրան փոխադարձ հարվածները վերսկսվել ենԻրանի դեմ պատերազմից 6 ամիս անց․ 4 բան, որ կարող են որոշել ապագան