Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին, վերընտրվելուց հետո առաջին անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Բիշքեկում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Հայաստանի ձգտումը դեպի Եվրամիություն երկրի օրինական իրավունքն է, սակայն դա բարդություններ է ստեղծում պայմանավորված, այդ թվում՝ Հայաստանի ԵԱՏՄ-ում մնալով, - հայտարարեց Պուտինը՝ հավելելով, - Որքան շուտ Հայաստանը կողմնորոշվի Եվրամիությանն անդամակցելու հարցում, այնքան լավ: Մոսկվայում պետք է հասկանանք՝ ինչպես զարգացնել հետագա հարաբերությունները»:
«Հայաստանի՝ այլ կազմակերպությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենքի ընդունումը նշանակում է գործող կազմակերպությունից դուրս գալու մասին հայտարարություն», - ասել է Պուտինը Փաշինյանին՝ անդրադառնալով մեկուկես տարի առաջ Հայաստանի Ազգային ժողովի ընդունած օրենքին, որը ազդարարում է Երևանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկը:
Ռուսաստանի նախագահն առաջարկել է «Հայաստանի ժողովրդին ընտրելու հնարավորություն տալ Եվրամիության անդամակցելու հարցով, մարդկանց հարցնել՝ ի՞նչ են ուզում»:
Վլադիմիր Պուտինն ընդգծեց՝ Ռուսաստանը Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է, տարեսկզբից երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 2.5 միլիարդ դոլար:
«Ռուսաստանը միշտ հանդես է գալիս Հայաստանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին, ինչը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին», - ասաց նա:
«Որևէ երկրի ԵԱՏՄ-ից դուրս թողնելու մեխանիզմ չկա». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց. «ԵԱՏՄ կարգավորումներով որևէ երկրի կազմակերպությունից դուրս թողնելու մեխանիզմ չկա: Դրա համար պետությունն ինքը առնվազն վեց ամիս առաջ պետք է ծանուցի կազմակերպությանը: Մենք նման ծանուցում չենք փոխանցել ԵԱՏՄ-ին: Իրավիճակին պետք է նայել այդ ելակետից»:
«Մեզ համար կարևոր է, որ մեր երկիրն ունենա այլընտրանքներ: Դա մեր լեգիտիմ իրավունքն է: Բայց դա չի նշանակում, որ մենք դժգոհ ենք ԵԱՏՄ-ից՝ չնայած այնտեղ կան խնդիրներ», - ընդգծեց Փաշինյանը:
Վարչապետը պնդեց, որ Եվրամիության անդամակցության օրենքի ընդունումով Հայաստանը չի խախտել ԵԱՏՄ-ում որևէ պարտավորություն. «Այդ հարցն այնքան չի հասունացել, որ դրվի ժողովրդական հանրաքվեի, մենք այդ օրենքն ընդունել ենք, որպեսզի հանրաքվե չանցկացնենք»:
Բանակցություններին ընդառաջ Մոսկվան արդեն տարբեր խողովակներով դժգոհություններ էր հայտնել Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների կալանավորման առնչությամբ, նորից բարձրացրել արտաքին կողմնորոշման վերաբերյալ Հայաստանում հանրաքվե անցկացնելու հարցը:
«Ամեն անգամ բարձր մակարդակով շփումը կարևոր է. նախագահը, բնականաբար, կօգտագործի այս հնարավորությունը, որպեսզի ևս անգամ վերահաստատի մեր փաստարկները: Բայց մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերն իրենք։ Եվ, իհարկե, հայերն իրենք կորոշեն իրենց ճակատագիրը։ Եվ մենք առաջարկում ենք, որ նրանք հենց դա՛ անեն՝ հանրաքվե անցկացնեն: Ահա այս ամենի մասին էլ կընթանա խոսակցությունը», - ասել էր Պուտինի խոսնակը՝ հիշեցնելով, որ հանրաքվե անցկացնելու մասին հայտարարություն ընդունել են ԵԱՏՄ առաջնորդները՝ տնտեսական դաշինքի վերջին հավաքում: Նրանք ակնկալում են, որ հաջորդ նիստին՝ տարեվերջին, Երևանն արդեն պատասխան կներկայացնի:
Հայաստանի իշխանությունները, որ օրերս արդեն ազդարարեցին, թե առաջիկայում կսկսեն Եվրամիությանն անդամակցելու դիմումի գործընթացը, այժմ հանրաքվե անելու անհրաժեշտություն չեն տեսնում:
«Նախ՝ վերջնաժամկետների հետ կապված խոսույթը ընդհանրապես անընդունելի է: Մեր ինքնիշխան իրավունքների հետ կապված մենք ինքներս ենք որոշումներ կայացնում, մե՛նք պիտի որոշենք՝ երբ մենք հանրաքվե անենք, երբ չանենք», - հայտարարել է վարչապետ Փաշինյանը: