Բիշքեկում այսօր նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Դրան ընդառաջ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նորից խոսել է Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու հանրաքվեից։
«Փաշինյանն ասել է, որ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր չէ։ Մենք շարունակում ենք համարել, որ մեր երկու երկրների համար գործընկերությունն այն է, ինչը համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին և բխում է նրանց փոխադարձ օգուտից։ Եթե պարոն Փաշինյանն այլ կերպ է մտածում, և եթե նա կարող է դա բացատրել հայերին, ուրեմն հայերն էլ համապատասխան կքվեարկեն հանրաքվեին: Եթե հանրաքվեն տեղի ունենա: Իսկ դա այն է, ինչ խորհուրդ են տվել ԵԱՏՄ երկրների առաջնորդները», - մասնավորապես ասել է Պեսկովը:
Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ առաջիկայում կսկսեն Եվրամիությանն անդամակցելու դիմումի գործընթացը, բայց վաղաժամ են համարում հանրաքվեի անցկացումը:
Նախօրեին խոսելով հայ-ռուսական լարված հարաբերությունների մասին՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե «Ռուսաստանը, ըստ էության, իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է, քան ռազմավարական գործընկերը»:
«Մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ: Բայց հնարավոր էլ չէ թաքցնել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում վերջին շրջանում որոշակի խնդիրներ են առաջացել: Մեր հարաբերությունները որոշակի վերաքննարկման, առողջացման, փոխադարձ շահերի հարգանքի հուն վերադարձնելու խնդիր ունենք», - երեկ Հանրայինի եթերում ասել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Միրզոյանը հավելել է. «Մեր ռուսաստանցի գործընկերները ավելի մեծ հարգանքով պետք է վերաբերվեն ինքնուրույն որոշումներ կայացնելու մեր իրավունքին, նրանք իզուր են փակել մեր ապրանքների մուտքը ռուսաստանյան շուկա: Մենք ԵԱՏՄ անդամ ենք, ունենք բոլոր իրավունքները և պարտականությունները: Հայաստանն իր պարտականություններն անթերի կատարել է»:
Հունիսին վերընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանն այսօր առաջին անգամ է հանդիպելու Վլադիմիր Պուտինին: Բանակցություններին ընդառաջ Մոսկվան արդեն տարբեր խողովակներով դժգոհություններ է հայտնել Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների կալանավորման առնչությամբ, նորից բարձրացրել արտաքին կողմնորոշման վերաբերյալ Հայաստանում հանրաքվե անցկացնելու հարցը:
Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ միաժամանակ և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի մաքսային միության կազմում գտնվելն անհնար է։ Մոսկվան պնդում է՝ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի՝ ընտրություն կատարելով Եվրոպական և Եվրասիական միությունների միջև: Հայաստանի վարչապետը անցած շաբաթասկզբին Ազգային ժողովում հայտարարեց, որ Երևանն առաջիկայում կսկսի Եվրամիությանն անդամակցելու դիմումի գործընթացը:
Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև օրս այդպես էլ չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում ՔՊ հաղթանակի և վարչապետի պաշտոնում վերընտրության համար: