Ռուսաստանը լայնածավալ հարձակում է գործել Կիևի և Օդեսայի վրա, կա 12 զոհ, 19 վիրավոր

Ռուսական զորքերը գիշերը զանգվածային հարձակում են գործել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի, ինչպես նաև Կիևի ու Օդեսայի մարզերի վրա։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 12 և վիրավորվել 19 մարդ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշեե վրեմյա» հեռուստաալիքը:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ մայրաքաղաքում զոհվել է ութ մարդ, իսկ հինգը՝ վիրավորվել, այդ թվում՝ երկու երեխա։ Նա հայտնել է, որ Գոլոսիևսկի շրջանի մի քանի վայրերում ընկել են անօդաչու թռչող սարքի բեկորներ և հրթիռներ՝ այրելով խոտածածկույթ և ոչ բնակելի շենք։ Դարնիցկի շրջանում հրթիռը հարվածել է ոչ բնակելի շենքի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Սոլոմոյանսկի շրջանում անօդաչուն հարվածել է ոչ բնակելի շենքի, մեկ այլ անօդաչու հարվածել է մասնավոր տան։

Կիևի մարզում զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ 13-ը, հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն։ Բորիսպոլում ռուսական հարվածի հետևանքով վնասվել է հինգհարկանի բնակելի շենք, խանութ, մասնավոր տներ, մեքենաներ, բիզնես և սպասարկման կայան։ Օբուխովի շրջանում վնասվել է 11 մասնավոր տուն, պահեստ և բենզալցակայան։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պարզաբանել է, որ Գրիգորովկա գյուղում անօդաչուի բեկորների հետևանքով վնասվել է ենթակառուցվածքային օբյեկտ և երկու բազմաբնակարան շենք։

Օդեսայի մարզում մեկ մարդ է տուժել: Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է երկու բնակելի շենքերի վնասման և կարի արհեստանոցում հրդեհի մասին: Ռուսական ուժերը նաև հարձակվել են Ռումինիայի հետ սահմանին գտնվող Օրլովկա միջազգային լաստանավային անցակետի վրա: Նա հայտնել է, որ հրդեհը մարել են Պետական արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Կիևում և Կիևի մարզում վնասվել են ռազմաարդյունաբերական և վառելիքաէներգետիկ ձեռնարկություններ, որոնք ենթադրաբար զբաղվում են հրթիռային և անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերին վառելիք մատակարարելով։

Գերատեսչությունը հայտարարել է, որ Օդեսայի մարզում հարձակման են ենթարկվել ռազմական բեռների, վառելիքի և քսանյութերի պահեստավորման, ինչպես նաև ուկրաինական նավահանգիստների գործունեության ապահովման համար օգտագործվող ենթակառուցվածքային օբյեկտները։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը Ուկրաինայի վրա արձակել է «Իսկանդեր» բալիստիկ հրթիռներ, «Ցիրկոն» հականավային հրթիռներ, «Կալիբր» թևավոր հրթիռներ, «Х-31П» հակառադարային հրթիռներ, S8000 «Բանդերոլ» անօդաչու թռչող սարքերից արձակվող հրթիռներ և 218 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինական ուժերը խոցել են 199 թիրախ, այդ թվում՝ հինգ բալիստիկ հրթիռ, հինգ «Կալիբր» հրթիռ, երկու «Բանդերոլ» հրթիռ և 187 անօդաչու թռչող սարք։