«Ազատության» հրապարակումից հետո սոցիալական ծառայության աշխատակիցները կայցելեն Գայանե Միրզոյանին

«Ազատության» հրապարակումից հետո Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը անդրադարձել է Արցախից տեղահանված 52-ամյա Գայանե Միրզոյանի դեպքին։ Նախարարության մամուլի քարտուղարը հայտնել է, որ Միասնական սոցիալական ծառայության Մալաթիա-Սեբաստիայի կենտրոնի աշխատակիցներն այսօր կայցելեն կնոջը՝ տեղում գնահատելու նրա կարիքները։ Դրանից հետո նախատեսվում է նաև ֆունկցիոնալության գնահատում։

Նախարարությունն ընդունում է՝ ընտանիքը դուրս է մնացել սոցիալական ծառայության ուշադրությունից։ Թե ինչպես է դա տեղի ունեցել, խոստանում են պարզել Երևանի քաղաքային իշխանությունների հետ։

«Ազատությունը» պատմել էր Գայանե Միրզոյանի մասին, որն ամուսնու հետ արդեն չորս ամիս ապրում է Մալաթիա-Սեբաստիայի կիսաքանդ մանկապարտեզներից մեկում՝ առանց ջրի, հոսանքի ու լոգարանի։ Այդ տարածքը նրանց հատկացրել էր վարչական շրջանը։

Գայանեն Արցախից տեղահանվել էր երկու առողջ ոտքով։ Երբ դադարել էր բնակվարձի պետական աջակցությունը, ամուսինները մնացել էին առանց կացարանի և որոշ ժամանակ ապրել աղբատարի հարևանությամբ գտնվող նկուղում։ Այնտեղ կնոջ ոտքերը ցրտահարվել էին, ինչից հետո մեկը սրունքից, մյուսը՝ ոտնաթաթից անդամահատել էին։

Չնայած առողջական այս վիճակին՝ 52-ամյա կինը մինչ օրս ֆունկցիոնալության գնահատում չի անցել, կենսաթոշակ կամ պետական այլ աջակցություն չի ստացել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լքված մանկապարտեզի անշարժ բնակիչըԼքված մանկապարտեզի անշարժ բնակիչը