Ալեն Սիմոնյանը Բիշքեկում հանդիպել է Հիքմեթ Հաջիևին

Հայաստանի Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանն այսօր Բիշքեկում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին։

Ըստ Անվտանգության խորհրդի գրասենյակի՝ Սիմոնյան-Հաջիև բանակցությունները հաջորդել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։ Նրանք շարունակել են խաղաղության օրակարգի շուրջ քննարկումները։ Այլ մանրամասներ հայկական կողմը չի հայտնում։

Փաշինյանն ու Ալիևը երեկ Բիշքեկում քննարկել էին խաղաղության գործընթացը՝ ընդգծելով մեկ տարի առաջ ստորագրված Վաշինգտոնյան հռչակագրի և նախաստորագրված խաղաղության պայմանագրի «պատմական նշանակությունը»։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավոր ժամկետի մասին, սակայն, պաշտոնական հաղորդագրությունում ոչինչ չի ասվում։ Բաքուն դրա ստորագրման համար շարունակում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջ առաջադրել։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն անդրադարձել էին նաև սահմանազատման գործընթացին և «Թրամփի ուղու» իրականացման հետագա գործնական քայլերին։ Քննարկվել էին նաև երկու երկրների միջև առևտրային և էներգետիկ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։

Սա Ալեն Սիմոնյանի՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի հետ առաջին հանդիպումն է։ Մինչև վերջերս Հիքմեթ Հաջիևի հետ բանակցությունները վարում էր ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա վերջին հանդիպումը Հաջիևի հետ հունիսին Դիլիջանում էր։