ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մի շարք լրագրողների չի հավատարմագրել G20-ի գագաթնաժողովին

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրաժարվել է հավատարմագրել մի շարք խոշոր լրատվամիջոցների լրագրողների, որոնք պատրաստվում էին լուսաբանել «Մեծ քսանյակի»՝ G20-ի երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը։

Երկօրյա հանդիպումը մեկնարկում է այսօր՝ օգոստոսի 31-ին, Հյուսիսային Կարոլինայի Էշվիլ քաղաքում։ Հավատարմագրում չեն ստացել, մասնավորապես, The New York Times-ի, The Wall Street Journal-ի և Bloomberg-ի որոշ լրագրողներ։

The New York Times-ից մերժել են տնտեսական հարցերով թղթակից Ալան Ռապեպորտի դիմումը, որը 2017 թվականից լուսաբանում է ԱՄՆ ֆինանսների նախարարության աշխատանքը և մասնակցել է G7-ի ու G20-ի շուրջ մեկ տասնյակ գագաթնաժողովների։

Պարբերականի խոսնակ Նիկոլ Թեյլորը որոշումն անվանել է Թրամփի վարչակազմի կողմից անկախ լրագրությունը սահմանափակելու և հանրային վերահսկողությունից խուսափելու փորձ։

AFP-ն հիշեցնում է, որ երկրորդ նախագահական ժամկետի մեկնարկից ի վեր Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է իր նկատմամբ կոշտ դիրքորոշում ունեցող լրատվամիջոցներին։ Նա նաև դատական հայցեր է ներկայացրել The Wall Street Journal-ի և The New York Times-ի դեմ։