«Դոպինգ սփեյս» ընկերությունը երկու ամիս է՝ չի կատարում կառավարության պահանջը և Ջեննիֆեր Լոպեսի համերգի կազմակերպումից հետո պետբյուջե չի վերադարձնում ավելի քան 534 միլիոն դրամը։ Մյուս կողմից ԿԳՄՍՆ-ն 2024-25 թվականներին գործողություններ է ձեռնարկել, որ հնարավորություն են տվել «Դոպինգ սփեյս»-ին ազատվել համերգի հետաձգումից կուտակված հավելյալ տույժերից, տուգանքներից։ Չնայած այս ամենին՝ նույն կառավարությունը նույն ընկերության հետ մոտ 9 մլն դոլարի նոր պայմանագրեր է կնքել՝ այլ միջոցառում կազմակերպելու համար։
«Ազատություն»-ը ավելի քան մեկ տարի ԿԳՄՍ նախարարության հետ գրագրություն է վարել՝ ստանալու անհրաժեշտ տվյալներ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի փաստացի ծախսերի, պայմանագրային պարտավորությունների ու դրանցում հընթացս կատարված փոփոխությունների վերաբերյալ։
Ինչ գումար է ենթակա վերադարձի
ԿԳՄՍ նախարարությունը շուրջ երկու ամիս է՝ չի կարողանում Ջենիֆեր Լոպեսի հայաստանյան համերգի կազմակերպիչ «Դոպինգ սփեյս» ընկերությունից հետ ստանալ վերադարձի ենթակա ավելի քան 502 մլն դրամը։ Բանն այն է, որ համերգի համար «Դոպինգ սփեյս»-ին հատկացված 2.3 մլրդ դրամից ընկերությունը տնտեսել է մոտ մեկ քառորդը՝ ավելի քան 1.3 մլն դոլար, բայց այն դեռ բյուջե չի վերադարձրել, չնայած պայմանագրով սահմանված է, որ ծախսերի թերակատարման դեպքում կառավարությունն իրավունք ունի հետ պահանջել գումարը կամ գանձել բանկային երաշխիքից։
Չօգտագործված 1.3 մլն դոլարից բացի «Դոպինգ սփեյս»-ը նախարարությանը դեռ չի վերադարձրել նաև 7.8 միլիոն դրամի տույժ-տուգանքներ, որ գոյացել են հաշվետվությունները վերջնաժամկետից ուշ ներկայացնելու համար, նաև՝ պայմանագրով պարտավորված 24.4 մլն դրամ միանվագ վճարը։ Սրանից բացի, նախարարությունը ձեռնարկել է այնպիսի գործողություններ, որ համերգի կազմակերպիչ «Դոպինգ սփեյս»-ը խուսափի համերգի չկայացած յուրաքանչյուր օրվա համար տույժեր վճարելուց, որ ամբողջական հաշվարկի դեպքում կհասնեին միլիարդների։
2023-ի օգստոսին Հայաստանի կառավարությունը 2.3 մլրդ դրամ՝ ավելի քան 6 մլն դոլար հատկացրեց «Դոպինգ սփեյս» ընկերությանը՝ Երևանում Սնուփ Դոգի համերգը կազմակերպելու համար։ Թանկարժեք համերգը Երևանում կազմակերպվում էր Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից մեկ ամիս առաջ։ Այդ օրերին 6 մլն դոլար ամերիկյան ռեփերի համերգին հատկացնելու հանրային քննադատությունը հետ չպահեց կառավարությանը այս որոշումից։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ այդ համերգն անում են, որ «որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա, որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը կոտրվել է, թե Հայաստանը ծնկի է եկել, Հայաստանը ապրում է ու զարգանում է»։
Այս խոսքերից օրեր անց Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա՝ դատարկելով այն հայերից։ Սնուփ Դոգի համերգը չկայացավ: Համերգի կազմակերպիչ «Դոպինգ սփեյս» ընկերությունն էլ այդ ընթացքում պետությունից ստացած 6 մլն դոլարը հետ չէր տրամադրում ԿԳՄՍ նախարարությանը։
Դրամաշնորհային պայմանագրով սահմանվել էր, որ ժամկետները խախտելու դեպքում ուշացված յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար ընկերությունը պետք է տույժ վճարի՝ նախատեսված գումարի 0.5 տոկոսի չափով (խոսքը «Դոպինգ սփեյս»-ին հատկացված ավելի քան 2.3 մլրդ դրամի մասին է)։ Ստացվում է՝ յուրաքանչյուր ուշացված օրվա տույժի չափը 11.5 մլն դրամ է։
2024-ի փետրվարի 19-ին ԿԳՄՍՆ-ը և ընկերությունը փոխել են այս դրամաշնորհային պայմանագիրը՝ համերգի անցկացման նոր ժամկետ սահմանելով 2024 թվականը՝ առանց հստակ օր նշելու։ 2024-ին, երբ Սնուփ Դոգի համերգն էլի չկայացավ, նախարարությունը չկարողացավ հետ ստանալ ոչ միայն կազմակերպման համար հատկացված 2.3 մլրդը, այլ տույժերը, որ գոյացել էին համերգի ուշացման համար։
2025-ի փետրվարի 13-ին ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց՝ դիմել են կազմակերպությանը բյուջեից հատկացված գումարները հետ ստանալու համար և սպասում են ընկերության պատասխանին։ «Դոպինգ սփեյս»-ի և ԿԳՄՍՆ-ի միջև խոսակցությունը շարունակվեց մինչև 2025-ի հուլիսի վերջ, երբ հայտնի դարձավ, որ նույն ծրագրի շրջանակում Սնուփ Դոգի փոխարեն Հայաստան է գալու ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը։ Համերգը կայացավ օգստոսի 3-ին «Հանրապետական» մարզադաշտում։ Մինչ այդ կողմերը փոխել էին պայմանագիրը՝ ըստ էության վերացնելով միջոցառման բանկային երաշխիքները և տուգանքներից խուսափելու սողանցք տրամադրելով ընկերությանը։
Փոփոխված համաձայնագիրը
Կառավարությունը նախ փոխել է չկատարած պարտավորությունների դիմաց տույժերն ու տուգանքներ գանձելու դրույթները։ Մասնավորապես, ԿԳՄՍ-ն հրաժարվել է ընկերության բանկային երաշխիքից, որից կարող էր գանձել տուգանք՝ համերգի ուշացման կամ թերացման համար։ Նույն կարգավորման մյուս մասը ենթադրում էր, որ տույժ-տուգանքը կարող էր գանձվել միջոցառման իրականացման արդյունքում կազմակերպությանը վճարման ենթակա գումարներից։ Այստեղ էլ կառավարության գործողությունները սահմանափակ էին, քանի որ նախարարությունը դեռ 2023-ին «Դոպինգ սփեյս»-ին էր փոխանցել համերգի կազմակերպման ողջ գումարը՝ 6 մլն դոլարը։
Իսկ որքա՞ն էր կուտակված տուգանքի չափը՝ համերգի հետաձգման գծով
Ըստ պայմանագրի՝ միջոցառման չկայացման ամեն օրվա համար տուգանքի չափը եղել է հատկացված գումարի՝ 2.3 մլրդ դրամի 0.5 տոկոսի չափով։ Աշխատանքային օրերի քանակով բազմապատկելիս ստացվում է, որ «Դոպինգ սփեյս»-ի տուգանքի չափը միայն 2025-ի առաջին ութ ամիսներին կազմել է ավելի քան 1 մլրդ 669 մլն դրամ։ Արդյո՞ք «Դոպինգ սփեյս»-ը վճարել է տույժերն ու տուգանքները համերգի չկայացած օրերի համար ու որքա՞ն է կազմել դա. ընկերությունից միայն պատասխանել են՝ իրենք սահմանված կարգով նախարարություն են ներկայացրել համերգի կազմակերպման ֆինանսական ու բովանդակային հաշվետվությունները։
Նախարարությունը չի պատասխանել հարցին, թե ինչո՞ւ չի գնացել պայմանագրով սահմանված տույժերն ու տուգանքները գանձելու ճանապարհով, ինչո՞ւ է բանկային երաշխիքից հրաժարվել՝ առանց այս գումարները ստանալու։ Նախարարությունից այս որոշման նպատակահարմարությունը բացատրել են շատ կարճ՝ համաձայնագիրը կնքվել է համերգի անցկացումից ընդամենը երկու օր առաջ ու բանկային երաշխիքի կիրառման անհրաժեշտությունը բացակայում էր։
ԿԳՄՍՆ-ն համերգից տնտեսված 502 մլն դրամը ևս չի կարողանում հետ ստանալ
Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպման համար հատկացված 2.3 միլիարդից «Դոպինգ սփեյս»-ը ծախսել է 1 մլրդ 816 մլն դրամ, համենայնդեպս, այդքանն է ԿԳՄՍՆ-ն համարել ընդունելի։ Ընկերությունը մնացած 502 միլիոն դրամը տնտեսել է, բայց ամիսներ շարունակ չի վերադարձնում պետությանը։ ԿԳՄՍՆ-ի պատասխանից, միաժամանակ, պարզ չի դառնում՝ նշված գումարը չի՞ ծախսվել, թե ծախսը համարվել է ոչ արժանահավատ։
Բացի այս, նախարարությունը 7.8 միլիոն դրամի տուգանք է պահանջում ընկերությունից՝ հաշվետվությունների ուշ ներկայացման համար, ինչպես նաև 24.3 մլն դրամ, որի միանվագ վճարման պարտավորություն ընկերությունը ստանձնել էր պայմանագրով։ Հունիսի 30-ին նախարարությունը դիմել է ընկերությանը՝ տնտեսված գումարի, տուգանքի ու միանվագ վճարման ենթակա գումարի վերադարձի համար (այդ ամենը միասին՝ 534 մլն դրամ)։ Մոտ 1.5 ամիս անց «Դոպինգ սփեյս»-ը առարկություններ է ներկայացրել իր այդ պարտավորության վերաբերյալ, որը նախարարությունը քննարկում է։ Փաստացի, եթե նախարարությունը հրաժարված չլիներ բանկային երաշխիքից, կարող էր դրանից գանձել այս գումարները։ Այժմ այս գումարների վերադարձնելու տարբերակներից մեկը դատական ճանապարհն է։
«Ազատության» գրավոր հարցման պատասխանը՝ ԿԳՄՍ-ից
Անցած տարի՝ Լոպեսի երևանյան համերգից օրեր առաջ, «Ազատություն»-ն անդրադարձել էր կառավարության կողմից հաստատված նախահաշվի՝ տարբեր ուղղություններով կասկածելի ուռճացվածությանը։ «Դոպինգ սփեյս»-ի կողմից նախարարությանը ներկայացրած ֆինանսական հաշվետվության ամփոփաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեկ տարի առաջ քննադատված ծախսերի ուղղություններն ու չափերն իսկապես ուռճացված էին։
Օրինակ, սպասարկող անձնակազմի ծառայությունների համար կառավարությունը նախատեսել էր 121 միլիոն, ծախսվել է 105 միլիոնը։ Միլիոններ են տրամադրվել մի շարք ծառայությունների համար, որոնց կարիքը չի եղել, օրինակ՝ տրանսպորտային գործառնությունների մենեջեր՝ 2.5 միլիոն դրամով, արտիստի դիմավորման պատասխանատու՝ 1.3 մլն դրամով և այլն։ Բեմի ու բեմական սարքավորումների ուղղությամբ չի ծախսվել 9 միլիոն դրամ, համերգի կազմակերպման սարքավորումների գծով՝ 15.3 մլն դրամ, մարքեթինգային ծառայությունների գծով՝ 31.2 մլն։ 1 տարի առաջ հարցեր էին բարձրացել նաև զգեստափոխման սենյակի աշխատակիցների սննդի ապահովման հարցով, որ կազմել էր ավելի քան 3.8 մլն դրամ։ Այս ուղղությամբ ընդհանրապես ծախս չի եղել։
Եթե հիմք ընդունենք, որ կառավարությունը դրամաշնորհային պայմանագրով 2.3 մլրդ դրամ է հատկացրել ըստ նախահաշվի, իսկ ԿԳՄՍՆ-ն էլ պնդում է, որ 502 մլն դրամի շեղում կա նախահաշվից, կստացվի, որ կառավարությունն առնվազն 22 տոկոսի շեղմամբ նախահաշիվ է հաստատել ու միլիոնավոր դրամներ փոխանցել «Դոպինգ սփեյս»-ին։
«Դոպինգ սփեյս»-ն անպատասխան է թողել «Ազատության» հարցերը՝ գոյացած պարտավորությունների ու տույժերի, դրանք պետությանը վճարելու հարցերի վերաբերյալ։ 2026-ի ապրիլին ընկերության տնօրեն Հայկ Սիմոնյանը նախընտրել էր հարցերի պատասխանել Հանրային հեռուստաընկերության եթերում, հայտարարել, որ իրենց տրամադրված գումարի գրեթե կեսը հարկեր են վճարել պետությանը, գումարած զբոսաշրջիկների կողմից տնտեսական օգուտն ավելին է, քան տրամադրված գումարը։ «Ես չեմ համարի, որ համերգը թանկ է, ես կհամարեմ, որ դա բարձր արժեք ունի, բայց ամենակարևորը՝ արդարացվող»,- հայտարարել էր Սիմոնյանը։ «Դոպինգ սփեյս»-ի կայքում չկա ընկերության 2025-ի ֆինանսական հաշվետվությունը, հնարավոր չէ տեղեկանալ՝ ընկերությունը համերգի տոմսերի վաճառքից որքան եկամուտ է գեներացրել։
Մոտ 9 մլն դոլարի նոր պայմանագրեր՝ «Դոպինգ սփեյս»-ի հետ
Թեև ԿԳՄՍՆ-ի ու «Դոպինգ սփեյս»-ի միջև գումարի վերադարձի հետ կապված խնդիրներ են առաջացել, դա չի խանգարել, որ կառավարությունը ևս մեկ խոշորածավալ միջոցառում վստահի այս ընկերությանը: Պետական գնումների համակարգից տեղեկանում ենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունն արդեն իսկ 3.5 միլիարդի՝ ավելի քան 8.9 միլիոն դոլարի պայմանագրեր է կնքել «Դոպինգ սփեյս»-ի հետ՝ այս աշնանը Երևանում կայանալիք COP 17-ի համար․ նրանք են կազմակերպելու միջոցառումը, տրանսպորտային միջոցների ապահովումը, աուդիովիզուալ, գովազդային ծառայությունները, տեղեկատվական արշավը, գույքի ձեռքբերումը: Պայմանագիրը կնքվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդ որում, ինչպես համերգի դեպքում էր, այս անգամ էլ կառավարությունը գումարի 90 տոկոսը ընկերությանն է տրամադրելու նախապես և միայն 10 տոկոսը՝ միջոցառման ավարտին՝ հաշվետվությունների ներկայացումից հետո։
«Դոպինգ սփեյս» ընկերությունը հիմնադրվել է 2023-ին՝ Սնուփ Դոգի համերգի կազմակերպման որոշումից մեկ ամիս առաջ։ Ընկերության բաժնետերը ՄԱՊ ընկերության հիմնադիր, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին էր՝ Մակար Պետրոսյանը։ Նրանք անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։
Պետական խոշոր պայմանագրեր ստացող «Դոպինգ սփեյս»-ի սկզբնական բաժնետեր Մակար Պետրոսյանը ընկերության հիմնադրումից հինգ ամիս անց դրա 100 տոկոսը փոխանցել է Հայկ Սիմոնյանին։