2024-ի հունիսյան ցույցերի դեպքերով փաստահավաք խումբ կստեղծվի

Ցույցեր՝ ԱԺ-ի մոտ, 2024թ.

Փաստաբան Տաթևիկ Սողոյանն այսօր հայտնել է, որ հունիսի 12-ի դեպքերով, երբ ոստիկանները ուժով ցրեցին Ազգային ժողովի մոտ ընդդիմության ցույցն ու լուսաձայնային նռնակներ օգտագործեցին, փաստահավաք խումբ են ստեղծելու:

Այդ խմբում այս պահին ներգրավված են փաստաբաններ Տաթևիկ Սողոյանը և Հովհաննես Խուդոյանը, ինչպես նաև Լիդյա Մանթաշյանը, որ ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի գործով կալանավորված էր:

Այդ ցույցն առաջնորդում էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: 2024-ի հունիսին՝ «Սրբազան» շարժման ժամանակ, երբ ոստիկանությունը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ցուցարարների դեմ հատուկ միջոց կիրառեց, շուրջ 100 մարդ վիրավորվեց։ Քաղաքացիներից մեկը լուսաձայնային նռնակի պայթյունից անգամ կորցրել էր ձեռքի երեք մատները, ստացել բեկորային վնասվածքներ ու այրվածքներ։

Իրավապաշտպաններն այն ժամանակ պնդել էին, որ ոստիկանությունն այդ օրը արգելված «Զարյա 3» հատուկ միջոց է կիրառել: Իրավապահները, սակայն գաղտնի էին պահում այս տեղեկությունը: Բարձրացված աղմուկից հետո արդեն Առողջապահության նախարարի հրամանով «Զարյա 3-ի» կիրառումը թույլատրվեց, ինչպես իրավապաշտպաններն էին նկատել՝ այդ կերպ սրբագրելով թույլ տրված ապօրինությունը:

«Ովքեր տուժել են հունիսի 12-ի վայրագություններից, ասում ենք, որ հետևողական ենք լինելու իրենց գործերով: Փաստահավաք գործունեություն ենք սկսում հունիսի 12-ին տուժած անձանց պատմությունների վերաբերյալ: Այս ասուլիսի ավարտից հետո ՄԱԿ-ի փորձագետներին կուղարկվի մեր լրացուցիչ փաստարկները, և բոլոր այն հակափաստարկները, որոնք ներկայացրել է Հայաստանի կառավարությունն իբրև արդարացում այդ վայրագություններին ու սրբազանի գործի մեղադրաքներին»,- այսօր հրավիրված ասուլիսում ասել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով փաստաբանները հունիսի 12-ի դեպքերով տուժած ցուցարարների պատմություններով զբաղվում են երկու տարի անց: Թերևս սրա պատճառն այն է, որ օրեր առաջ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի մանդատով գործող փորձագետները կասկածի տակ դնելով «Սրբազան պայքարի» դատական գործը՝ մտահոգություն են հայտնել, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման անդամների նկատմամբ քրեական հետապնդումը, նրանց ահաբեկչություն ծրագրելու համար մեղադրելը, ազատազրկելը և 2024-ի հունիսին ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումն ու տասնյակ քաղաքացիներին մարմնական վնասվածքներ հասցնելը կարող են հակասել մարդու իրավունքների պաշտպանության Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին: