Սև ծովում հարձակման է ենթարկվել ռուսական նավթով բեռնված հունական տանկեր․ Bloomberg

Սև ծովում՝ Նովոռոսիյսկի մոտ, անօդաչուներով հարձակման է ենթարկվել ռուսական նավթ տեղափոխող հունական Skiros տանկերը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին։ Դրանից առաջ տանկերը Նովոռոսիյսկի մոտ գտնվող Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի տերմինալում բեռնվել էր ռուսական նավթով։ Նավը կարող է տեղափոխել մինչև մեկ միլիոն բարել նավթ։

Տանկերը կառավարող հունական ընկերությունից Bloomberg-ին հայտնել են, որ հարձակման հետևանքով տուժածներ չկան, նավթի արտահոսք ևս չի եղել։ Ընկերությունը կատարվածի այլ մանրամասներ չի ներկայացրել։

Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի տերմինալով հիմնականում Ղազախստանում արդյունահանված նավթն է արտահանվում։ Bloomberg-ի տվյալներով՝ այստեղով անցնում է նավթի համաշխարհային մատակարարումների մոտ 2 տոկոսը։ Արտահանվող նավթի 5-10 տոկոսը ռուսական է, մնացածը՝ հիմնականում ղազախական։ Հարձակման պահին Skiros-ը հենց ռուսական նավթ էր տեղափոխում։

Ուկրաինական ուժերը նախկինում ևս հարվածել են Նովոռոսիյսկի մերձակայքում գտնվող նավթային ենթակառուցվածքներին։ Կիևը Skiros-ի վրա վերջին հարձակման վերաբերյալ առայժմ որևէ հայտարարություն չի արել։

Oրեր առաջ Financial Times-ը գրել էր՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հուլիսի վերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խնդրել է չհարվածել Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի ենթակառուցվածքներին և տերմինալ մտնող տանկերներին։ Ըստ պարբերականի՝ Կիևը համաձայնել էր չթիրախավորել կոնսորցիումի ենթակառուցվածքներն ու ոչ ռուսական նավերը, եթե դրանք Ուկրաինայի պատժամիջոցների տակ չեն և ռուսական նավթ կամ այլ բեռ չեն տեղափոխում։