Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի վրա․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է

Մոսկվան և հարակից շրջանը գիշերվա ընթացքում ենթարկվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Ռուսական «ՏԱՍՍ» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սա վերջին երկու տարվա ընթացքում Մոսկվայի ուղղությամբ իրականացված ամենածավալուն հարձակումն էր։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ երկուշաբթի երեկոյից մինչև երեքշաբթի առավոտ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռչել է 620 անօդաչու սարք։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ դրանց մեծ մասը խոցվել է մայրաքաղաքի մատույցներում, ևս 180-ը՝ Մոսկվայի երկնքում։ Ժամանակավորապես դադարեցվել է նաև Մոսկվայի բոլոր օդանավակայանների աշխատանքը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքի և Ղրիմի թերակղզու վրա խոցվել է 791 ուկրաինական անօդաչու սարք։ Այս տեղեկությունը հնարավոր չէ անկախ աղբյուրներով հաստատել:

Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքի տվյալներով՝ հնարավոր թիրախներից մեկը Մոսկվայի նավթավերամշակման գործարանն էր։ Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել։

Մոսկվայի մարզի տարբեր հատվածներում անօդաչու սարքերի հարձակումների հետևանքով երեք մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 10-ամյա երեխա: Մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի խոսքով՝ տարբեր վայրերում վնասվել են շենքեր, այդ թվում՝ բնակելի շենքեր, և հրդեհներ են բռնկվել։

Ուկրաինական անօդաչու սարքերի հերթական հարձակման թիրախում է հայտնվել նաև Ռուսաստանի խոշորագույն առցանց առևտրային հարթակ «Wildberries»-ին պատկանող պահեստը։ Այնտեղ հրդեհ է բռնկվել, սակայն տուժածներ չկան։ Ընկերությունը հայտարարության մեջ նշել է, որ վնասը մեծ չէ։

Ուկրաինան վերջին շրջանում գրեթե ամեն օր անօդաչու սարքերի լայնածավալ հարձակումներ է իրականացնում Մոսկվայի մարզի ուղղությամբ։