540 հազարն առաջարկել է «Վագա-ֆարմ»-ը, տարածքը 300 հազարով ստացել է «Նատալի ֆարմ»-ը

Դավթաշենի պոլիկլինիկայում ամսական 300 հազար դրամով տարածք են տալիս Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությանը, ու մերժում այլ ընկերության 540 հազար դրամանոց առաջարկը։

«Վագա-ֆարմ»-ի հիմնադիր Վահե Վարսանյանը պաշտոնական դիրքի չարաշահման, հովանավորչության ու պետությանը միլիոնների վնաս հասցնելու մասին է ահազանգում։

«240 հազար դրամով պակաս ու երկու տարվա վարձակալության համար արդյունքում պետությանը հասցվել է 6 միլիոն 640 հազար դրամի վնաս»։

Պոլիկլինիկայի երկրորդ հարկում «Նատալի ֆարմ»-ն արդեն կահավորում է դեղատունը։ Տնօրեն Ջենի Հովսեփյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ սկզբունքով է պայմանագիր կնքել ոչ թե ավելի բարձր, այլ ցածր գին առաջարկողի հետ։

«Բոլոր հարցերով դիմեք Երևանի քաղաքապետարանին», - ասաց նա:

Որ գործընթացները համակարգում են քաղաքապետարանում, ավելի կոնկրետ այդտեղ առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը, գիտեն «Վագա-ֆարմ»-ում, ունեն նամակը, որով Դավիթ Կարապետյանն առարկում է պոլիկլինիկայի տարածքից 20 քառակուսի մետրը տրամադրել «Վագա-ֆարմ»-ին։ Միակ հիմնավորումը նպատակահարմար չէ, գրել են։ Շաբաթներ անց կնքում են պայմանագիր «Նատալի ֆարմ»-ի հետ։

«Մենք հաղորդում ներկայացրեցինք Գլխավոր դատախազությանը, գրությունները հանցագործության ուղարկեցինք նաև Պետական վերահսկողական ծառայության, Հակակոռուպցիոն կոմիտե, նաև հենց քաղաքապետարանին, որը հենց փաստորեն հիմնադիրն է պոլիկլինիկայի», - ասաց Վահե Վարսանյանը։

Վարսանյանը պնդում է՝ քաղաքապետարանի պաշտոնյան, նրա ենթակայությամբ գործող պոլիկլինիկայի տնօրենը օգտագործել են իրենց լիազորություններն ու պետությանը միլիոնների վնաս տվել։ Կա իրենց գնառաջարկը բարձր գնով և արդեն կնքված պայմանագիրը «Նատալի ֆարմ»-ի հետ ավելի ցածր գնով։ Դատախազության պատասխանը՝ քրեական վարույթ չի նախաձեռնվել, բայց հաղորդման մեջ կան տեղեկություններ, որ կարող են ստուգվել օպերատիվ հետախուզական միջոցառումներ, և այդ տեղեկություններն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Վարսանյանը դատախազության այս պատասխանը համարում է մերժում, պնդելով՝ այս պահին եղած փաստերը բավարար են քրեական ընթացքի համար։ Գլխավոր դատախազությունից «Ազատության»-ը տեղեկացրին՝ այս պահին վարույթ չկա, բայց հաղորդման մեջ նշված տվյալները օպերատիվ ստուգման են ուղարկվել։ Վարույթ կլինի, եթե դրանք հաստատվեն։

«Բողոքարկել ենք, այո, ու պահանջում ենք, որ անպայման քրեական գործը հարուցվի ու մերժման հիմքերով մեզ ներկայացվեն», - նշեց նա:

Խնդիրը մեկ դեղատուն ավել կամ պակաս ունենալը չէ, այլ սկզբունքը, շեշտում է Վահե Վարսանյանը։

Քաղաքապետարանից հիմնավորում խնդրեցինք՝ ինչո՞ւ է վարչության պետ Դավիթ Կարապետյանը ոչ նպատակահարմար համարել ավելի շահավետ առաջարկը, ասացին այն, ինչ ավելի վաղ «Վագա-ֆարմ»-ին էին ասել՝ իրավապահներին հաղորդում է ներկայացվել, ընթացք կտան։

Վարսանյանը չի հավատում, որ կտան այդ ընթացքը, տեսնում է հովանավորության շատ ներդաշնակ ընթացք. «Ակնհայտ երևում է ներդաշնակ հովանավորչությունը համակարգված։ Նիկոլ Փաշինյանը ամեն առիթով հայտարարում է, որ իրենց քաղաքական թիմի բրենդն է կոռուպցիայի դեմ պայքարը, կոռուպցիան արմատախիլ են անցնում, զրոյացնում են, սուտ խոսքեր են փաստորեն»։

Խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանը, որ մինչև Փաշինյանի իշխանությունը հանրապետականների հետ էր, այն բացառիկ գործարարներից է, որ հաջողությունները զարգացնում է նաև այս իշխանության օրերում։ Պարբերաբար կառավարությունից ստանում աջակցություն։ Վերջինը հենց երեկ էր, նրա «Ալեքս» տեքստիլ ընկերությունը ներմուծման արտոնություն ստացավ։

Վարսանյանը հիշում է դեռ 10 տարի առաջ նրա ու Փաշինյանի միջև ծավալված հեռակա մի երկխոսություն. «Սամվել Ալեքսանյանը հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանը իրանց ախպերն ա, Նիկոլ Փաշինյանն էլ դրան հակափաստարկ էր բերում, արձագանքում էր, որ մտմտում են, ինձ վաղը կասեն, որ իրանց մեծ ախպերն եմ, թագավոր ախպերն եմ, փաստորեն Սամվել Ալեքսանյանի ասածները իրականություն դարձան, Նիկոլ Փաշինյանը դարձավ իրա թագավոր ախպերը»։