2026-ի առաջին կիսամյակում «ահաբեկչության» համար 1200-ից ավելի ռուսաստանցի է դատապարտվել

Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ռուսաստանում կտրուկ աճել է ահաբեկչական ուղղվածության հոդվածներով դատապարտվածների թիվը: Կես տարվա ընթացքում դատապարտել են առնվազն 1234 մարդու, ասված է "Первый отдел" նախագծի Parubets Analytics-ի համատեղ հետազոտության մեջ:

Դատավճիռների թիվն աճել է 58 տոկոսով՝ հասնելով 1145-ի: Դատարանները օրական միջինը շուրջ 10 դատավճիռ են կայացրել, ինչը 24 տոկոսով գերազանցում է ամբողջ 2024 թվականի դատավճիռների թիվը:

Ընդ որում, բուն ահաբեկչական ակտի նախապատրաստման կամ կատարման մեղադրանքների մասնաբաժինը գրեթե կրկնակի նվազել է, այդ հոդվածով դատապարտվածների թիվը ևս նվազել է՝ 292-ից հասնելով 187-ի:

Հիմնական աճն ապահովել է ահաբեկչության հրապարակային կոչերի, դրա արդարացման կամ քարոզչության հոդվածը, որով դատապարտվել է 487 մարդ:

«Աջակցություն քաղբանտարկյալներին. Մեմորիալ» նախագծի տվյալներով՝ առնվազն 427 մարդ (35 տոկոսը) «ահաբեկչական» հոդվածներով դատապարտվել է քաղաքական հետապնդման ակնհայտ հատկանիշներով:

Դատապարտվածների թվում նաև առնվազն 243 Ուկրաինայի քաղաքացի կա՝ ռազմագերիներ և օկուպացված տարածքների բնակիչներ:

Դատապարտվածների 91.6 տոկոսը տղամարդիկ են, ամենաերիտասարդը 16, ամենատարեցը՝ 71 տարեկան է: Միջին պատժաչափը 13 տարվա, առավելագույնը՝ 29 տարվա ազատազրկումն է:

Հետազոտողներն ընդգծում են, որ 2026-ը «ահաբեկչության» գործերով դատավճիռների թվով «ամենազանգվածայինն է» Ռուսաստանի գործող Քրեական օրենսգրքի գոյության ընթացքում:

Դատապարտվածների 53,8 տոկոսը մեղադրվել են արտահայտությունների, հրապարակումների և մեկնաբանությունների համար, նշում են հետազոտողները:

2025-ին ռուսաստանյան դատարանները «ահաբեկչական» հոդվածներով 2078 մարդու էին մեղավոր ճանաչել՝ կրկնակի ավելի, քան նախորդ տարի: