Կաթնամթերք արտադրող 11 ընկերությունների նկատմամբ վարույթ է հարուցվել

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել կաթնամթերք արտադրող 11 ընկերությունների նկատմամբ։ Պատճառը մի շարք արտադրանքներում հայտնաբերված խախտումներն են․ հանձնաժողովի տվյալներով՝ դրանցում կաթնայուղի զանգվածային մասը սահմանված նորմայից մի քանի անգամ պակաս է եղել։

Թե որ ընկերությունների և կոնկրետ որ արտադրատեսակների մասին է խոսքը, հանձնաժողովն առայժմ չի մանրամասնում։

Սա տեղի է ունենում հայկական կաթնամթերքի նկատմամբ ռուսական սահմանափակումների ֆոնին։ Հուլիսին Հայաստանում ստուգումներ անցկացնելուց հետո «Ռոսսելխոզնադզորը» արգելել էր հայկական մի շարք ընկերությունների կաթնամթերքի մուտքը ռուսական շուկա՝ պնդելով, թե արտադրության ընթացքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ռուսական կողմի պնդումների մի մասը հերքել էր՝ հայտարարելով, որ դրանք հիմնավորող փաստեր ստուգումների ընթացքում չեն հայտնաբերվել։

Ռուսական սահմանափակումների հարցը երեկ քննարկել են նաև Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը՝ Ալմաթիում կայացած հանդիպմանը։ Ըստ հայկական կողմի՝ քննարկվել է Ռուսաստան հայկական արտադրանքի մատակարարման և այդ երկրի տարածքով տարանցման ժամանակ առկա սահմանափակումների վերացումը։ Պայմանավորվել են նաև ակտիվացնել Հայաստանի ՍԱՏՄ-ի և «Ռոսսելխոզնադզորի» համագործակցությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կաթնամթերք արտադրողների համար «եվրոպական շուկա մտնելն ավելի բարդ է»«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է հայկական կաթնամթերքի մուտքը ՌԴ. ՍԱՏՄ-ն հակադարձում է՝ այն անվտանգ է«Ռոսսելխոզնադզոր»-ը կասեցրել է Բելառուսի տարածքով հայկական վարդերի ներմուծումը