Փաշինյանը Սիմոնյանին ներկայացրեց ԱԽ աշխատակազմին․ «Առաջիկայում կարևոր աշխատանք պետք է կատարվի»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով շուրջ ութ տարի այդ պաշտոնը զբաղեցրած Արմեն Գրիգորյանին։

Փաշինյանն ընդգծել է Գրիգորյանի մասնակցությունը հատկապես խաղաղության գործընթացին՝ նշելով, որ նա «շատ էական ներդրում» ունի այդ ոլորտում արձանագրված ձեռքբերումներում։

«Պարոն Գրիգորյանը ներգրավված է եղել խաղաղության հաստատման գործընթացում և ունի շատ էական ներդրում այդ ոլորտում մեր ունեցած ձեռքբերումների հարցում», - ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանը ևս նախորդ շրջանում ներգրավված է եղել երկրի համար կարևոր և ռազմավարական որոշումների կայացման գործընթացում և, որպես Ազգային ժողովի նախագահ, աշխատանքային տեղեկատվության պակաս չի ունեցել։

Արմեն Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Անվտանգության խորհրդի աշխատակազմին՝ պաշտոնավարման ընթացքում արձանագրված թերացումների պատասխանատվությունը վերցնելով իր վրա։

«Որտեղ չենք կարողացել և թերացել ենք՝ իմ պատճառով է եղել։ Շնորհակալ եմ և շնորհավորում եմ Ալեն Սիմոնյանին», - ասել է Գրիգորյանը։

ԱԽ նորանշանակ քարտուղարն էլ շեշտել է, որ Արմեն Գրիգորյանի հետ լավ և գործընկերային հարաբերություններ ունի։

«Կարծում եմ՝ կկարողանանք միասին աշխատել։ Անկախ նրանից՝ տեղյակ եմ կամ մասնակցել եմ, դուք ինձ պետք է օգնեք՝ աշխատանքային գործընթացի մեջ ավելի խորը մտնելու համար», - ասել է Սիմոնյանը։

Փաշինյանն էլ նշել է, որ նախորդ շրջանում Անվտանգության խորհրդում մեծ աշխատանք է կատարվել, սակայն առաջիկայում ևս կարևոր անելիքներ կան։ Նրա խոսքով՝ առաջին քայլը պետք է լինի կատարված աշխատանքի վերլուծությունն ու հետագա առաջնահերթությունների որոշումը։

Վարչապետը հայտնել է, որ կոնկրետ հանձնարարություններ ունի նորանշանակ քարտուղարի և Անվտանգության խորհրդի աշխատակազմի համար։ Դրանք, ըստ Փաշինյանի, Սիմոնյանին կներկայացնի այն բանից հետո, երբ վերջինս ավելի մանրամասն կծանոթանա նոր պաշտոնի առանձնահատկություններին։

Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության մասին Փաշինյանը հայտարարել էր երեկ՝ չնշելով փոփոխության կոնկրետ պատճառը։ Հարցին՝ դժգո՞հ էր արդյոք շուրջ ութ տարի ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորյանի աշխատանքից, վարչապետը միանշանակ պատասխան չէր տվել՝ ասելով. «Էնպես չի, որ ես Արմեն Գրիգորյանի աշխատանքից դժգոհ եմ, դժգոհ եմ եղել, բայց էնպես էլ չի, որ ես ինքս իմ աշխատանքից էնքան գոհ եմ, որ համարում եմ կատարյալ»։

Փաշինյանը նաև հայտնել էր, որ Գրիգորյանին աշխատանք է առաջարկել վարչապետի աշխատակազմում, սակայն նա որոշել է առայժմ դադար վերցնել պետական ծառայությունից։

ԱԽ քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանը 2021-ից հետո ակտիվորեն ներգրավված էր հայ-ադրբեջանական բանակցություններում։ Նրա վերջին հանդիպումն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հունիսին Դիլիջանում էր։ Փաշինյանի ավելի ուշ տված պարզաբանմամբ՝ հանդիպման նպատակներից մեկը խորհրդարանական ընտրություններից հետո «պատերազմի սպառնալիքը կառավարելն էր»։

Թե ինչ դեր կունենա Ալեն Սիմոնյանը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում և ինչ կոնկրետ առաջնահերթություններ է նրա առջև դնելու վարչապետը, առայժմ չի հստակեցվել։