Ազգային ժողովում շարունակվում է հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը։ Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը վերադարձավ երեկվա միջադեպին՝ «Ուժեղ Հայաստան»-ից արձագանք և ներողություն պահանջելով։
Ռուբինյանն անմիջապես դիմեց Էդգար Ղազարյանին՝ հարցնելով՝ ասելիք ունի՞։ Ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց, որ հարցը նման ձևաչափով քննարկում չի պահանջում։ ԱԺ նախագահն այնուհետև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանից հետաքրքրվեց՝ նա ասելիք ունի՞։ Կարապետյանը պատասխանեց՝ ոչ, ինչին Ռուբինյանն արձագանքեց. «Դուք եք ընտրել այս ճանապարհը»։
Երեկվա միջադեպից հետո Ղազարյանը նաև փոխել է իր տեղը նիստերի դահլիճում։ Նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկից ի վեր նա նստում էր ՔՊ-ական պատգամավորների հատվածի հարևանությամբ, իսկ այսօր տեղափոխվել է վերջին շարք՝ ավելի մոտ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներին։
Երեկ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ խմբակցությունը նիստ է հրավիրելու՝ Էդգար Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և հետագա քայլերը որոշելու համար։ Թե ինչ է որոշել «Ուժեղ Հայաստանը», առայժմ չի հայտնում։
Իրավիճակը խորհրդարանում լարվել էր երեկ՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո։ Իշխանություններին սուր քննադատելիս նա «Քաղաքացիական պայմանագրին» մեղադրել էր զինվորների կյանքը «սրիկայաբար շահարկելու» մեջ։
ԱԺ ՔՊ-ական փոխնախագահ Հայկ Կոնջորյանը Ղազարյանին նախազգուշացրել էր, որ նման վարքագծի կրկնության դեպքում նրան «դուրս են շպրտելու» Ազգային ժողովի շենքից։ Դրանից հետո դահլիճից դուրս իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանություն էր սկսվել, որը վերածվել էր քաշքշոցի։
Ինքը՝ Ղազարյանը, երեկ հրաժարվել էր մեկնաբանել կատարվածը և չէր պատասխանել նաև հարցին՝ պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել։
Ղազարյանը չի պատրաստվում մանդատը վայր դնել
Ընդմիջման ժամանակ Էդգար Ղազարյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի։ Հարցին՝ նեղացա՞ծ է խմբակցությունից, որ երեկվա միջադեպից հետո իրեն չեն աջակցել, ընդդիմադիր պատգամավորը հակադարձեց. «Ո՞նց չեն պաշտպանել, ամեն ինչով պաշտպանել են»։
Ղազարյանը չի պատրաստվում նաև մանդատը վայր դնել։ Երբ լրագրողները հետաքրքրվեցին՝ նման մտադրություն ունի՞, նա կարճ արձագանքեց՝ «Ինչի՞ համար»։
Անդրադարձ եղավ նաև նիստերի դահլիճում նրա տեղը փոխելուն։ Հարցին՝ դա իր որոշո՞ւմն էր, թե՞ խմբակցության, Ղազարյանը պատասխանեց՝ «տեխնիկական հարց էր»։
«Ուժեղ Հայաստան»-ում, մինչդեռ, երեկվա միջադեպի շուրջ քննարկումները շարունակվում են։ Ընդմիջմանը խմբակցության պատգամավորները հավաքվեցին իրենց սենյակում՝ հարցը քննարկելու։
Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ավելի վաղ լրագրողներին ասել էր՝ «ելույթները դեռ առջևում են, այսօր հետաքրքիր է լինելու»։
«Ուժեղ Հայաստանից» Արամ Վարդևանյանն էլ ներողություն խնդրեց հանրությունից, «որ ականատես են լինում բովանդակային իմաստով որևէ հավելյալ արժեք չենթադրող իրավիճակի»:
«Մենք տեսնում ենք մի արարք կամ գործողություն, դրա վերաբերյալ կրկնակի կամ մի բան ավելի հակազդման գործիք: Ես տեսնում եմ պատգամավորներից այնպիսի ատելության զգացում... պետք է որ ՀՀ ներսում ատելությունը մեղմելուն ուղղված գործողություն լինի, - հայտարարեց Վարդևանյանը և հավելեց, - «դուք ձեր գնահատմամբ սխալին սխալով եք արձագանքում»:
Ռուբինյանն Էդգար Ղազարյանին «սրիկա» անվանեց
Ընդմիջումից առաջ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն իր ելույթում անդրադարձավ նախօրեին Էդգար Ղազարյանի մասնակցությամբ միջադեպին՝ իր խոսքում ևս օգտագործելով «սրիկայաբար» բառը։
Նրա ելույթից հետո թեմային վերադարձավ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա չհամաձայնեց Գաբրիելյանի այն մտքին, թե «Ուժեղ Հայաստանը» կամ Ղազարյանը ներողություն խնդրելու դեպքում քաղաքական դիվիդենտներ կշահեին։ Ռուբինյանի պնդմամբ՝ ընդդիմադիր ուժերն իրենց ընտրողներին ռադիկալացնում են, ինչից հետո իրենք էլ չեն կարող հետքայլ անել ու ներողություն խնդրել։
ԱԺ նախագահն իր խոսքում ևս վիրավորական արտահայտություն օգտագործեց Ղազարյանի հասցեին՝ ասելով. «Մի սրիկա ասեց՝ սրիկա»։
«Մենք գիտակցում ենք, որ ռադիկալացման շղթան պետք է կոտրել։ Բայց էն մեկը՝ էն սուբյեկտը, որ էնտեղ նստած է, որ փախցրել, տարել եք էն կողմ, ռազմավարական խորություն եք հաղորդել, ինքը դա չի գիտակցում», - հայտարարեց Ռուբինյանը։
Արձագանքելով Վարդևանյանին Ռուբինյանը հայտարարեց. «Ասում եք՝ պետք չէ սխալին սխալով պատասխանել, իսկ մենք գիտե՞նք, որ դա սխալ է, որ դա սխալ եք համարում»:
«Պարոն Ղազարյանը սպխեչի ուլ չի, որ բերենք այստեղ մորթենք, բայց առաջարկվում է՝ հնչե՞լ է վիրավորանք, թող ներողություն խնդրի վիրավորանքի համար», - հայտարարեց Ռուբինյանը
Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հայտարարեց՝ ամեն անգամ լինի այսպիսի բան, պատասխանը լինելու է անհամաչափ:
«Հարգելի գործընկերներ, դուք ձեր ցուցակում մարդ եք ներգրավել, ով վերջին 2-3 տարում, շեշտեմ՝ ոչ միայն մեր խմբակցության, տներով մտել դուրս է եկել ամենավերջին սրիկայի պես», - ասաց Ալեքսանյանը:
«Եթե ձեզ թվում է, թե մենք այդքան միամիտ ենք, որ դուք կարաք ձևական բարեկիրթ կոնտեքստը պահեք խմբակցության հիմնական դերակատարների դեմքով, բայց մի հոգի ունենաք, ով պետք է գա պարբերաբար բան ասի, ու դուք հետո փորձեք մեզ համոզել, որ պետք է դրա աչք փակել, չի լինելու: Ամեն անգամ լինի, լինելու է պատասխան, պատասխանը լինելու է անհամաչափ», - հավելեց նա:
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ընդգծեց՝ «որևէ թուլություն չկա ասելու՝ կներեք»: