Կրամատորսկի վրա ռուսական հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել

Ռուսական ուժերը օգոստոսի 13-ի երեկոյան մի շարք հարվածներ են հասցրել Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքին և հարակից Բելենկոյե բնակավայրին։ Մեկ մարդ զոհվել է, ևս 15-ը՝ վիրավորվել, հայտնել է Դոնեցկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը։

Նրա փոխանցմամբ՝ մոտ կես ժամվա ընթացքում Կրամատորսկի և Բելենկոյեի ուղղությամբ ութ հարված է հասցվել։ Նախնական տվյալներով՝ ռուսական ուժերը ավիառումբեր են կիրառել։

Կրամատորսկում հարվածներից մեկը բնակելի թաղամասում է եղել։ Վնասվել է բազմաբնակարան շենք, որի մի մասը փլուզվել է, հրդեհ է բռնկվել։ Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փլատակների տակ կարող են մարդիկ մնացած լինել։

Կրամատորսկը, որը գտնվում է ռազմաճակատին մոտ, վերջին շաբաթներին պարբերաբար ռուսական հարվածների է ենթարկվում։ Հուլիսի վերջին քաղաքի վրա հարձակումների հետևանքով ևս զոհեր և վիրավորներ էին գրանցվել։