Վանաձորում ավագանու հաստատած սուբվենցիոն ծրագրերը չիրագործելը, բյուջեի տողերում կամայական փոփոխություններ անելը հանցագործություն է, որ թույլ է տվել քաղաքային իշխանությունը, իսկ մարզային իշխանություններն ու կառավարությունն աչք են փակում դրա վրա, պնդում է ՏԻՄ փորձագետ Գևորգ Քոթանջյանը, որ շաբաթներ շարունակ ուսումնասիրել է պատրաստվող նախագծերը, համեմատել տրված խոստումներն ու Վանաձորում իրականացվող աշխատանքը:
Նա համոզված է, որ տեղի ունեցողը քաղաքական մրցավազք է Վանաձորի առաջիկա ընտրություններում երկու հավանական թեկնածուների՝ մարզպետ Արեն Մկրտչյանի և համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի միջև:
«Ստացվում է, որ կատարվում է շատ ծանր հանցագործություն, որի տակից դուրս գալ անհնար է, եթե չկան քաղաքական դրդապատճառներ, ուղղակի չկպնել իրանց: Այս դեպքում նաև մարզպետը, որն ունի վերահսկողական ֆունկցիա, փաստացի կամ իրեն սխալ են զեկուցել, կամ էլ չի ուզում տեսնի այս ամեն ինչը», - ասաց Քոթանջյանը:
Դեռ անցած տարեվերջին, սուբվենցիոն ծրագրերը ներկայացնելիս, իշխանությունները հայտարարել էին, որ Վանաձորում այս տարի 42 փողոց է հիմնանորոգվելու՝ հիմնականում երկրորդային փողոցները: Ավագանին հաստատել էր բոլոր ծրագրերը, ու տեղի իշխանություններն ամիսներ շարունակ վստահեցնում էին, թե Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքում աննախադեպ ծավալի աշխատանքներ են իրականացվելու:
Հայտարարվում էր նաև, որ Քիմգործարանի վճարած 2,5 միլիարդ դրամի հարկային պարտավորության շնորհիվ Վանաձորում խոշոր գումար է գոյացել, որ կառավարության համաֆինանսավորման միջոցով կկրկնապատկվի: Միայն փողոցների հիմնանորոգման վրա համայնքն ու կառավարությունը նախատեսում էին առնվազն 5 միլիարդ դրամ ծախսել: Համենայն դեպս խորհրդարանական ընտրություններից առաջ այս մասին հայտարարությունների պակաս չկար:
Մինչդեռ օրերս «Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը Վանաձորի համայնքապետարանից ուշագրավ պաշտոնական պատասխան է ստացել: Սևով սպիտակի վրա գրված է, որ այս տարի 42 երկրորդային փողոցներից 38-ի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրերը կառավարությունը չի հաստատել ու առաջիկայում չի էլ նախատեսվում հաստատել:
Ավելի վաղ «Ազատությունն» էր պարզել, որ նաև այգիների ու պուրակների մասով անգամ հաստատված նախագծեր չկան, թեև դարձյալ նախընտրական շրջանում իշխանությունները եռաչափ նախագծեր էին հրապարակում ու պնդում, թե դրանք արդեն հաստատված նախագծեր են ու այս տարի կիրագործվեն:
Ստացվում է, որ խոստացված 35 միլիոն դոլարի ծրագրերի չնչին մասն է իրագործվում: Տարվա 8-րդ ամսում կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրով հաստատվել է ընդամենը 4 փողոցի հիմնանորոգում: Մյուս բոլոր աշխատանքները, որոնց ֆոնին գրեթե ամենօրյա ռեժիմով նկարահանվում է մարզի ղեկավարը, կամ նախորդ տարիներից կիսատ մնացած ծրագրերն են, կամ էլ իրականացվում են բացառապես համայնքի միջոցներով՝ առանց կառավարության համաֆինանսավորման:
Ընդ որում՝ նախապես հայտարարված 38 փողոցների փոխարեն համայնքի ղեկավարությունը որոշել է բոլորովին այլ ճանապարհներ վերանորոգել: Օրինակ՝ օրերս ազդարարվեց 385 մետրանոց Իսահակյան 3-րդ նրբանցքի ասֆալտապատման մասին: Թեև աշխատանքները կատարվում են միայն քաղաքային բյուջեով, դրանց մեկնարկի մասին անձամբ ՔՊ-ական մարզպետն է հայտնում:
Ավագանին մարտին էր հաստատել սուբվենցիոն ծրագրերը, որոնք պետք է նախագիծ դառնային ու ուղարկվեին կառավարություն: Թե ինչո՞ւ համայնքապետարանը դրանք չի ուղարկել, անպատասխան է մնում: Համայնքապետի օգնական Էդիկ Հունանյանը, որ նաև սուբվենցիոն ծրագրերի պատասխանատուն է, մարզպետարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ հրաժարվել էր պարզաբանել, թե ինչո՞ւ անցած ամիսներին նախորդ տարիներից քննարկվող ծրագրերը կառավարություն չեն ուղարկվել:
Մարզպետ Արեն Մկրտչյանը նույնպես հրաժարվել է հարցազրույցից ու մամուլի խոսնակի միջոցով «Ազատությանը» փոխանցել, որ չի մեկնաբանում նախապես հայտարարված ծրագրերի տապալումը: Պնդել է, թե սուբվենցիոն ծրագրեր այս տարի կլինեն՝ առանց պարզաբանելու, թե ինչո՞ւ մինչև այսօր անգամ նախագծերը հաստատված չեն:
Իրավապաշտպան Քոթանջյանը ցույց է տալիս Վանաձորի այն փողոցներն ու բակերը, որոնք վերջին ամիսներին են ասֆալտապատվել համայնքային միջոցներով: Այստեղ թերություններն ակնհայտ են, ինչը հիմք է տալիս կասկածելու, որ դրանք շատ արագ կքայքայվեն:
Քաղաքի կենտրոնում ասֆալտապատված բակերից մեկում, օրինակ, դիտահորը պարզապես ծածկել են ասֆալտով ու ջրահեռացման համար ընդամենը երկու աչքանման անցք բացել: Թե որքանով «աչքերով» դիտահորը կծառայի իր նպատակին, անհայտ է: